«Մարդասպանություն չեմ արել». Գյումրիում շանը քարշ է տվել մեքենայի հետևից (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

* Հոդվածը ենթարկվել է խմբագրման սկզբնական տեղեկատվության մեջ առկա անճշտություններից խուսափելու նպատակով։ Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։

Համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր: «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետևից:

«Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել: Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911, որոնց հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Մենք չգիտենք, թե հիմա շունը որտեղ է: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un091 /փոփոխված/, մակնիշը՝ opel»,- գրել է «Դինգո Թիմ»-ը:  

«Դինգո Թիմ» ՀԿ-ից մեզ պարզաբանեցին, որ ահազանգը ստացել են անանուն՝ հոկտեմբերի 4-ին: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ «35un091» պետհամարանիշի մեքենան գրանցված է քաղաքացի Հարություն Ալբերտի Մուրադյանի անվամբ: Վերջինս հանդիսանում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ: 1976թ․-ին ծնված Հարություն Մուրադյանի բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք նաև որոշ լուսանկարներ: 

Տեսանյութը վկայում է առանձնակի դաժանությամբ իրականացված հանցագործության մասին, ինչի համար ներկայիս ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:  

Ճշգրտելու համար նշված տեղեկատվությունը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև Հարություն Մուրադյանի հետ, որը սկզբում հերքում էր տեղի ունեցածը, բայց այնուհետև՝ մանրամասնեց․ «Շունը սատկած է եղե, ես չեմ եղե, մարդ կա քարշ տվել, տարել քցել են աղբամանի մոտը։ Իմ բարեկամս ա եղե, խնդրել եմ, տարել քցել է ու ասենք ինքը հոտած է եղե։ Սատկած է եղե շունը, քուրիկ ջան, որովհետև իրա վիզը ռեմենով կապած է եղե, որդոտած, հոտած»։

Մեր ճշգրտող հարցին, թե որտեղից է հայտնվել շունը, Հարություն Մուրադյանն ասաց․ «Իմ շունս էր․․․ էտ պահին, որ տարել են սատկած ա եղե, կարողա հետո սաղցել ա։ Մարդասպանություն չեմ արել, քուրիկ ջան»։ 

Քաղաքացին պնդում է, որ շունը անկենդան է եղել, այնինչ տեսանյութում երևում է, որ կենդանին ողջ է, ինչը հաստատել է նաև ԱԻՆ մամուլի խոսնակը։ 

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 4-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է ագրեսիվ շան մասին ահազանգ: Փրկարարները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք /ոչ մարդաշատ/, սակայն թե այժմ կենդանին որտեղ է՝ անհայտ է:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Հիշեցնենք, որ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում