Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվողը անձը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձը ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք , որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 116 հատ ծառի կոճղ, որոնց կապակցությամբ կազմվել են անտառխախտման արձանագրություններ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով ծառահատումներն իրականացվել են Լոռու մարզի բնակիչների կողմից՝ ծնված 1986, 1988, 1987 և 1984թթ.:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ Լոռու մարզի նշված բնակիչները, վառելափայտ վաճառելու նպատակով, 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տարբեր անտառպետությունների տարածքներից, բենզասղոցի գործադրմամբ, ապօրինի հատել են ընդհանուր 131 հատ ծառ, դրանք մասնատելով պատրաստել վառելափայտ, տեղափոխել, վաճառել՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի` 4. 920 000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանցից մեկին՝ 1988թ. ծնված տղամարդուն, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով մեղադրյալներից մեկը՝ Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը, թաքնվում է քննությունից, ուստի՝ նրա բացակայության պայմաններում որոշումներ են կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին: Նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և կատարվում էր նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում ՝ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի՝ 1984թ. ծնված բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Նրա մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում