Կառաջարկեի, որ վարչապետն իր ընտանիքով մշտապես տեղափոխվեր Գնդեվազ գյուղ․ Քիմիական գիտությունների դոկտոր

Ըստ իս, Լիդիանի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար կան բազմաթիվ ծանրակշիռ հիմքեր։ Վարչապետի կողմից արված այն փաստարկը, որ Լիդյանին պետք է թույլատրել սկսել աշխատանքները, և խախտումներ բացահայտելու դեպքում կարճ ժամանակում փակել հանքը, հնչում է չափազանց նաիվ։ Աշխատող հանքի փակումը շատ ավելի դժվար է, քան երբ այն գտնվում է շինարարության փուլում: Հանքավայրը փակելու համար տարիներ կպահանջվեն, մինչդեռ ներգրավված ընկերությունը կշարունակի աղտոտել շրջակա միջավայրը։

Որպես հայ շատ անհարմար եմ զգում տեսնելով թե որքան թույլ և ոչ պրոֆեսիոնալ են իրենց դրսևորում մեր կառավարության անդամները այս հարցում։ Եթե ​​մենք, լինելով անկախ պետություն, այսքան սարսափահար ենք եղած ինչ-որ անհայտ ընկերությունից, ապա ինչպես պետք է տիրապետեինք իրավիճակին, եթե մեր դեմ դուրս եկած լիներ Chevron-ի կամ Exxon-ի նման ընկերություն։ Եթե մեր կառավարության անդամները իրենց պահում են որպես գաղութի ներկայացուցիչներ, ապա հարկավոր է սպասել, որ օտարազգի գործարարները կվերաբերեն մեզ, ինչպես մի կիսագրագետ, ոչ կայացած երկրի։ Ի դեպ, հանքարդյունաբերությունը չի կարող մեզ դարձնել թե հարուստ, թե զարգացած երկիր։ Շատ բնական պաշարներով հարուստ աֆրիկական երկրներ այս թեզը ապացուցող կառկառուն օրինակներ են։

Վարչապետը իր վերջին ոչ հետևողական որոշումներով արագ կորցնում է ժողովրդի վստահությունը։ Եթե ​​բոլոր ռիսկերը կառավարելի են և մի հանքավայր, որը պարունակում է ռադիոակտիվ էլեմենտներ (ուրան, թորիում, ռադոն) և մի շարք թունավոր մետաղներ, ներառյալ կապար, կադմիում, մկնդեղ և սնդիկ, կարող է շահագործվել առանց աղտոտելու շրջակա միջավայրը, ապա ես կառաջարկեի, որ Վարչապետը, Նախագահը, Նախարարներ Էրիկ Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը, Լիդիանի ներկայացուցիչները և հատկապես պրն. Իվանյանը, մշտապես տեղափոխվեն իրենց ընտանիքներով Գնդեվազ գյուղ և իրավունք չունենան վերադառնալ Երևան մոտակա 10 տարվա ընթացքում։

Բնապահպանության նախարարությունը պետք է լուծարվի, քանի որ այն, ըստ իր գործունեության ոճի, չի ծառայում մեր ազգային նպատակներին։ Հարկավոր է ստեղծել մի նոր պետական մարմին, որը կզբաղվի բնության պաշտպանությամբ պատշաճ ձևով և որում մեր նվիրյալ և հայրենասեր բնապահպանները կզբաղեցնեն համապատասխան ադմինիստրատիվ դիրքեր։ Հասկանալի է, որ այս նախարարությունում նոր անձնակազմը պետք է համապատասխանորեն ստուգվի , որպեսզի որևիցե շահերի բախումներ տեղի չունենան:

 

Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում