Գյումրիում շների ապօրինի և դաժան սպանդ՝ քաղաքապետարանի «հովանավորչությամբ»

Գյումրիում շարունակում են ապօրինաբար և դաժանությամբ սպանդի ենթարկել թափառող կենդանիներին։ Այս մասին ահազանգում են Գյումրի քաղաքի բնակիչները։

Վկաները պնդում են, որ վաղ առավոտյան /6-6։30/ կրակում են շներին, գցում «15 SO 144» պետհամարանիշներով նարնջագույն մեքենայի /Մոսկվիչ տեսակի/ մեջ և տանում։ Գյումրիի բնակիչներից մեկն էլ հայտնում է, որ կրակոցներ են հնչում երբեմն նաև ուշ գիշերին։

Նշված «աշխատանքը» գրեթե բոլոր դեպքերում կատարում է որևէ որսորդական միության անդամ, որն ունի օրենքով սահմանված կարգով հրազեն օգտագործելու իրավունք, որը չի ենթադրում բնակելի վայրում զենքի կիրառումը։ Այս մասին խոսեցինք Գյումրիում գործող «Աղավնաբազե» որսորդական միության նախագահ Հովհաննես Խնուսյանի հետ, որը ևս հաստատեց սպանդը շարունակելու մասին տեղեկությունը։ «Որսորդ կոչված է․․․ շուն զարկողը որսորդ չէ։ Էն որսորդին, որը կատարել է այդ աշխատանքը ես հանել եմ ընդհանրապես մեր միությունից։ Հիմա մեկին գտել են, չգիտեմ՝ ով է։ Ինչքան հասկանում եմ նորից շարունակվում է, ես էլ եմ ահազանգ ստանում, ինձ էլ են տեղյակ պահում։ Էս անգամ փնթիությունը մի քիչ կողքի են դրել, սկսել են գործել ավելի կոռեկտ, որ մարդկանց աչքից հեռու լինեն։ Կրակում են, իրենք ցանկություն էլ չունեն այլ լուծում տալու»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը փորձեց կապ հաստատել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, սակայն վերջինս պատասխանելով՝ «հետո հարցրեք, հա, հիմա զբաղված եմ», անջատեց հեռախոսազանգն ու այլևս չպատասխանեց։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով սահմանվում է․

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Բացի այդ, գործում է նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը սահմանող հոդվածը։

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Ընդգծենք, որ դեռևս հունիս ամսին կենդանիների հերթական սպանդից հետո Գյումրու քաղաքապետարանում «Դինգո թիմ» ՀԿ ներկայացուցիչների, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագրի և Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որտեղ պարոն Սուլթանյանը հաստատել է, որ կրակոցների պատվիրատուն քաղաքապետարանն է՝ որսորդ միության անդամի միջոցով։ Նշված գործողության ապօրինի լինելու և կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքի անթույլատրելի լինելու մասին պարզաբանումներից հետո, Հայկ Սուլթանյանը հրապարակայնորեն խոստացավ դադարեցնել թափառող կենդանիների նման եղանակով վնասազերծման պրակտիկան։

Սակայն, ինչպես պնդում են Գյումրու բնակիչները, կենդանիների սպանդը չի դադարեցվել։ Հովհաննես Խնուսյանը հայտնեց, որ նշված հանդիպումից հետո առաջին անգամը չէ, որ կրակում են։ «Չգիտեմ ինչ անեմ, ինչ եզրույթ գտնեմ, էս հարցը լուծենք»,- եզրափակեց նա։ 

Փորձեցինք կապ հաստատել նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանի հետ, սակայն կրկին ապարդյուն։ Գյումրու քաղաքապետարանն այդպես էլ պատշաճ կերպով մեզ տեղեկատվություն չտրամադրեց և չպատասխանեց մեր հարցերին։

Ավելին, բնակելի վայրում հրազենի կիրառմամբ թափառող կենդանիների սպանդն իրականացվում է առանց բնակիչների նախազգուշացման, ինչի հետևանքով ուղիղ վտանգ է սպառնում Գյումրի քաղաքի բնակիչների առողջությանն ու կյանքին։
Ընդգծենք, որ Գյումրի քաղաքում պետական մակարդակով տեղի է ունենում ապօրինի և մարդկանց առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող գործողություններ։ Եթե, Գյումրու քաղաքապետարանը չի հանդիսանում սպանդի հեղինակ կամ մասնակից, ապա առաջինն իրենք պետք է դիմեին իրավապահ մարմիններին՝ պահանջելով գտնել և պատասխանատվության ենթարկել մեղավորին։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դիմում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ բնակելի վայրում ապօրինաբար և մարդու առողջության ու կյանքի համար վտանգավոր եղանակով թափառող կենդանիների սպանդի իրականացման հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու պահանջով։

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում