Վայքի բնակիչները բոյկոտեցին «Վայքգոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումները

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակիչներն այսօր բոյկոտել են «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները։ 

Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

«Հարգելի վայքեցիներ, այսօր մեր համաքաղաքացիների մի մեծ խումբ, որոնց թվում գործարարներ, ուսուցիչներ, բժիշկներ, թոշակառուներ և երիտասարդներ, վճռական «ՈՉ» ասացին Վայքի սարերում ոսկի արդյունահանելու ցանկություն ունեցող «ՎԱՅՔ ԳՈԼԴ» անունը կրող կազմակերպությանը․․․ Միջոցառման ժամանակ սկսվեց Հանրագրի ստորագրման գործընթաց՝ հանքարդյունաբերությունը Վայքում մերժելու պահանջով․․․»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայք համայնքի բնակիչ Ռուզան Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ հանրային քննարկման հաղորդագրության մեջ ասվում է․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով ( առաջին փուլ) 2019թ.սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Վայոց Ձոր մարզի Վայք համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Վայք Գոլդ» ՍՊԸ կողմից նախատեսվող Վայոց Ձոր մարզի Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց - ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:

Նշենք նաև, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկի՝ 11,31 կգ, արծաթ՝ 84,5 կգ, պղինձ՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ փորձաքննության եղրակացություն: Այնուհետև տեսչական մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը և գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով: Նախարարությունը, սակայն, չէր դադարեցրել:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում