Բնապահպանության «հայտնի» նախարարը ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության․ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օգոստոսի 29-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում հայտնել է, որ քրեական գործով քննության արդյունքում պարզվել է, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը որոշ տնտեսությունների ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության, այսինքն՝ վերջիններս ապօրինի գործունեություն են ծավալում: Խոսքը ձկնաբուծարանների ավելի քան 200 տնտեսությունների մասին է: Այդ հարցի առնչությամբ վարչապետը նշել է. «Շատ բարդ իրավիճակ է, որովհետև 200 տնտեսությունը, եթե նայենք մեր վիճակագրության, արտահանման ծավալների, արտադրության ծավալների մեջ, մեր տնտեսության շոշափելի մասն է կազմում: Այստեղ պետք է շատ նուրբ լուծումներ գտնել, բայց պետք է գտնել լուծումներ»:

Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման, արդյունավետ օգտագործման ու կառավարման և այդ նպատակով ձկնաբուծարանների գործող կարողությունների վերազինման, նորագույն ու ժամանակակից սարքավորումներով հագեցման համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Հանրապետությունում արդյունագործական ձկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 17000 տոննա, որից Արարատյան հարթավայրում՝ շուրջ 14000 տոննա։ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ոլորտում գործունեություն է իրականացնում ավելի քան 165 ձկնաբուծական տնտեսություն, որից 136-ը՝ Արարատյան հարթավայրում։ Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության նպատակով հիմնականում բուծվում են իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակներ։ Արարատյան հարթավայրի արդյունագործական ձկնաբուծարաններում 1 լ/վ ջրահոսքով արտադրվում է ավելի քան 500 կգ ձուկ։ Նկատի ունենալով նաև ձկնաբուծության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման առաջնահերթությունները՝ արդիական խնդիր է պետական օժանդակության համապատասխան մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես՝ արդյունագործական ձկնաբուծության համար նախատեսված ջրախնայողական համակարգերի, ջրի բազմակի օգտագործման, թթվածնով հարստացման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում կիրառվող ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը։ Մասնավորապես, փոփոխություններ և լրացում է կատարվել կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում, որոնցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի 6.0 մլն դրամը կսուբսիդավորվի։ Սահմանվել են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրն օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք պետք է հաշվի առնենք, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք մի ժամանակ հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց մենք ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, ասենք, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունն աջակցելու է տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ պայմանով, եթե համոզվի, որ դրանով բարձրացնում է վերջիններիս մրցունակությունը: «Մեր կուրսը շատ հստակ է. մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում մի պայմանով՝ համոզվելով միայն, որ մենք դրանով նրանց մրցունակությունն ենք բարձրացնում, ոչ թե նրանց նստեցնում ենք «աջակցության թմրանյութի ասեղի» վրա, այլ մենք օգնում ենք նրանց, որպեսզի լինեն առավել ինովացիոն, առավել մրցունակ, առավել արդյունավետ: Հետևաբար, այո, մենք այս ոլորտում ունենք շատ լուրջ խնդիր, որը պետք է լուծենք հավասարակշռված քայլերով: Եվ, այո, պայմանավորվել ենք, որ նաև այսպիսի ծրագրերը հընթացս պետք է մոնիթորինգ անել և այն պահին, երբ հասկանանք, որ ծրագիրն արդյունավետ չէ, պետք է չվախենալ և նաև հրաժարվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերություններն էլ պետք է իրենց գործունության արդյունավետությունը, որակը, մրցունակությունը բարձրացնեն.«Շատ կարևոր է նաև, որ տնտեսվարողների համար առաջարկվող պայմանները կանխատեսելի լինեն: Այսինքն՝ մեր մտադրություններն էլ կանխատեսելի լինեն, և իրենք էլ իմանան ինչ պետք է անեն, որ երաշխավորեն իրենց հետագա գործունեությունը և ինչ չանելու դեպքում է երաշխավորված, որ չեն շարունակելու գործել»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում