ՔԿ նախագահը խեղաթյուրված տեղեկատվությո՞ւն է ներկայացրել Կառավարությանը

«Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է, որ կառավարությունը երեկ չէ առաջին օրն ստացել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որն առաջիկայում մանրամասն կուսումնասիրվի»,- այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքէջից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ներկայացնելով փորձաքննության արդյունքները, նշել է, որ ամենակարևոր 3 կետերը, որոնց եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգել, հետևյալն են՝

1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը, իսկ մինչ այդ նախաքննության ընթացքում ընկերությունը ներգրավված է եղել որպես կողմ և աշխատել է «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: ««Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն իսկ կիրառվում է, իսկ 5-ը պատրաստ են ապագայում կիրառել: 1 մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է՝ Համաշխարհային բանկից գումար ստանալու համար «Լիդիան» ՓԲԸ-ն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի IFC ստանդարտին: IFC ստանդարտով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն: «Էլարդ»-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի: Ըստ էության, «Լիդիան» ՓԲԸ մասնագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն ապագայում կլինի», - ասել է Հայկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության: Անդրադառնալով այս առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Վարչապետ Փաշինյանի՝ քրեական գործը կարճվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Հայկ Գրիգորյանը նշել է. «Մենք որոշման վրա աշխատում ենք, պարոն վարչապետ: Այս փուլում չկա որևէ հիմք, որը թույլ կտա որևէ մեկին մեղադրանք առաջադրել, հետապնդման ենթարկել, և այո, գործի քննության ուղղվածությունը դա է»»:

Միևնույն ժամանակ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի հայտնեն տեղեկություններ ELARD կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մասին։ Քաղաքացիները վստահ են՝ Քննչական կոմիտեն խեղաթյուրում է նշված եզրակացությունը՝ Կառավարությանը ներկայացնելով թյուր տեղեկություններ։ 

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեի կողմից հրապարակվել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում