«Կենդանասերների» ընտանիքը. գիշատիչները՝ խաղալիք մարդկանց ձեռքերում (ֆոտո)

«ԶՕՕ Ֆաունա Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի ընտանիքում վերջինս միակ «կենդանասերը» չէ: Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ տարբեր ժամանակահատվածում Արթուր Խաչատրյանի «տիրապետության տակ» հայտնված կենդանիները հաճախ պարզապես դառնում են խաղալիք վերջինիս երեխաների ձեռքերում:

ՀՀ-ում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների ոլորտում պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում, ՀՀ քաղաքացիների և պետական մարմինների համար անհայտ է, թե որտեղ ու ինչ կենդանիներ են պահվում, որքանով են դրանք վերահսկելի կամ անվտանգ, ինչ պայմաններում են պահվում կենդանիները, ինչ նպատակով և մի շարք այլ հանգամանքներ, որոնք գրեթե հույս չեն ներշնչում, որ ՀՀ-ը մոտ ապագայում կլուծի կամ պատրաստվում է լուծել նշված խնդիրը:

Անվերահսկելիության նման պայմաններում կենդանիների առևտրի ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում վերոնշյալ Արթուր Խաչատրյանը:

Արամ Խաչատրյան, լուսանկարը բեռնվել է 2019թ. հունիս ամսին

Լուսանկարում Արթուր Խաչատրյանի որդին է՝ Արամ Խաչատրյանը, հավանաբար, բուծման նպատակով բոլորովին վերջերս ՀՀ բերված ամուրյան վագրի առանձնյակի հետ: Ինչպես հայտնել ենք հունիս ամսին՝ ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացական Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «... ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել երեք հատ սպիտակ վագր և մեկ հատ ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:

Անի Խաչատրյան

Լուսանկարում հավանաբար հենց նշված վագրն է: Վագր առկա է նաև Արթուր Խաչատրյանի կնոջ /Նաիրա Սարգսյան/ և դստեր /Անի Խաչատրյան/ լուսանկարներում:

Բացի այդ, նշված ընտանիքի անդամները պարբերաբար լուսանկարվում են նաև այլ գիշատիչ կենդանիների հետ, ինչպիսին, օրինակ՝ առյուծի ձագն է:

Նաիրա Սարգսյան

Ուշագրավն այն է, որ նշված բոլոր կենդանիները ՀՀ տարածքում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվել են և շարունակում են պահվել առանց օրենքով սահմանված անհրաժեշտ թույլտվության, և այսօր բոլորի, այդ թվում՝ պետական մարմինների համար բացարձակապես անհայտ է, թե որտեղ են այժմ գտնվում այդ կենդանիները: Տարիներ շարունակ ոչ մի պետական մարմին չի հետևել նրանց տեղաշարժին, գտնվելու վայրին, հետագա ճակատագրին և այլն:

Արամ Խաչատրյան և Նաիրա Սարգսյան, լուսանկարը բեռնվել է 2016թ.-ին

Արամ Խաչատրյան, լուսանկարը բեռնվել է 2015թ.-ին

Ընդգծենք, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ՀՀ-ում օրենսդրական բացերի և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին:

Մինչ այսօր հանրությունը տեղյակ չէ, թե ինչ նպատակով է Արթուր Խաչատրյանը պատրաստվում Հայաստանում վագրեր բուծել: Վերջերս նա «Sputnik Армения»-ի հետ զրույցում հայտարարել է. «Հայկական ֆաունան համալրվել է Եվրոպայից բերված չորս վագրով»։

Միտքն ինքնին աբսուրդային է, քանի որ անազատության մեջ ծնված ամուրյան և բենգալյան վագրերը հայկական ֆաունայի հետ բացարձակ կապ չունեն, եթե, իհարկե, պարոն Խաչատրյանը մտադրություն չունի ՀՀ-ում նշված ենթատեսակի վագրեր բնակեցնել:

Արթուր Խաչատրյան և Նաիրա Սարգսյան

Նշված հարցազրույցում պարոն Խաչատրյանի կողմից ևս մի քանի անհիմն մտքեր են հնչում, ինչպիսին է օրինակ. «Նրա խոսքով` Հայաստանի կլիմայական պայմանները հարմար են բոլոր տեսակի կենդանիների համար։ Ավելին` Հայաստանը Նիդեռլանդների, Բելգիայի ու Գերմանիայի պես կատարյալ երկիր է էկզոտիկ բուծարանների համար»։

Պետական պատասխանատու մարմինների կողմից նման վերաբերմունքի երկարաձգման պարագայում ՀՀ քաղաքացիները լուրջ մտածելու տեղ ունեն, քանի որ պարոն Խաչատրյանի մտքով նաև կարող է անցնել ՀՀ-ում պինգվիններ, սպիտակ արջեր կամ միգուցե նաև առյուծներ ու փղեր բուծել: Քաղաքացին, իհարկե, կարող է նման մտքեր ունենալ, հենց դրա համար էլ անհրաժեշտ են համապատասխան կարգավորող օրենսդրական ակտերը և պետական վերահսկող մարմինը, որոնք լիարժեքորեն կկատարեն իրենց գործառույթները:

Նաիրա Սարգսյան

Ընդգծենք, որ ՀՀ օրենսդրությունը միայն մասնակի է կարգավորում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների ոլորտը, ավելին՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու և օգտագործելու կարգն ընդհանրապես սահմանված չէ:

Այնումանայնիվ՝ անտեսելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, օրենսդրական բացերն ու վերահսկողության բացակայությունը, ՀՀ-ում տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք շարունակում են անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահել, ինչն էլ հաճախ վերածվում է կենդանու շահագործման կամ որպես զվարճանքի միջոց օգտագործման:

Հավելենք նաև, որ գրեթե 20 տարվա ընթացքում ՀՀ-ում երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի պահանջի: 

Կարեն Մարտիրոսյան/«Էկզոտարիում» ՍՊԸ ղեկավար, լուսանկարը բեռնվել է 2019թ.-ի հունիս ամսին

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում