Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետարանի հայցն ընդդեմ Գլաձոր համայնքի

Վայոց ձորի վարչական դատարանը դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ քննել է Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձորի ավագանու 29.04.2019թ. թիվ 44 որոշումը` «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետի հայցը և մերժել միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ:

Դատարանի որոշման մեջ նշված է. «Դատարանը դիմողի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, իսկ դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:

Հաջորդիվ, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով ղեկավարվելով, դիմողին մատնանշում է դիմումում առկա ձևական սխալը․
ՀՀ վարչական դատարան ներկայացրած դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից վիճարկվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու 29.04.2019 թվականի «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» թիվ 44 որոշումը, սակայն դիմողը ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու 29.04.2019 թվականի թիվ 44 որոշման համար նշել է «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» վերնագիրը:

Այսպիսով, Դատարանը դիմողին առաջարկում է կրկին ներկայացվելիք դիմումում ուղղել Դատարանի մատնանշած ձևական սխալը, ինչպես նաև պահանջում է ներկայացնել հիմնավորումներ և (կամ) ապացույց՝ ընդերքի օգտագործման ոլորտում պետության իրավունքների պաշտպանության լիազորություն ունենալու վերաբերյալ:

Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 11-րդ մասով, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ` ՀՀ վարչական դատարանը:

Որոշեց՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժել:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի դիմումը և դրան կցված փաստաթղթերը, վերադարձնել։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանին ապրիլի 29-ին որոշել էր հավանություն տալ Գլաձոր համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ կոլեկտիվ առաջարկությանը: Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է Վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում