«Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ...». գարնան ավետաբերները՝ վտանգի տակ (ֆոտո)

Բնական էկոհամակարգի խաթարումը կամ մարդու կողմից բացասական միջամտությունը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի և ունենալ անկանխատեսելի ու ցավալի հետևանքներ: Արարատի մարզում դեռևս անհայտ պայմաններում և նյութերով աղտոտված հարյուրավոր արագիլների ապագան շարունակում է անհայտ մնալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներին, պետական մարմինների մյուս աշխատակիցներին, մասնագետներին և պարզապես կենդանասերներին մինչ այսօր չի հաջողվում հայտնաբերել թռչունների աղտոտման աղբյուրը:

Մասնագետների նախնական ենթադրությամբ՝ աղտոտման աղբյուր է հանդիսացել Հրազդան գետը: Հետագայում, վարկածը կարծես ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, քանի որ տեղանքում ուսումնասիրություններ իրականացրած մասնագետների պնդմամբ այլ տեսակի ջրլող թռչունների (բադեր, տառեղներ, որորներ և այլն) մոտ նման խնդիր չի նկատվում: Այս մասին գրում է նաև «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը: Վերջինս, բացի այլ ջրլող թռչունների աղտոտված չլինելու հանգամանքը, մի քանի ուշագրավ կետ է առանձնացնում, որոնք թույլ են տալիս մտածել աղտոտման այլ աղբյուրի գոյության մասին. «Երևույթը դիտվում է հուլիս ամսին, այնինչ Հրազդան գետն աղտոտված է ամբողջ տարին: Առաջին դեպքը գրանցվել է Գայ գյուղում 2017թ.-ին, որը Հրազդան գետից հեռու է գտնվում: Հենց այդ ժամանակ մենք 3 կամավորների օգնությամբ իրականացրեցինք մաքրման աշխատանքներ նույն եղանակով»:

Լուսանկարը՝ FPWC էջից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հուլիսի 20-ին պաշտոնական գրությամբ հայտնել է, որ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: «Իրականացվում են նաև Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ, սակայն մինչ այժմ աղտոտման հստակ աղբյուր չի հայտնաբերվել, ինչը նվազեցնում է թռչուններին փրկելու հույսերը: 

Այս ընթացքում սեփական նախաձեռնությամբ թռչուններին օգնություն ցուցաբերելու են մեկնել կամավորներ և մասնագետներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները ևս եղել են Հովտաշատում: Գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը նշեց, որ կենդանիներին սնունդ են տրամադրել և անհրաժեշտության դեպքում կրկին կտրամադրեն: Հարություն Հովհաննիսյանը ևս տեսակետ հայտնեց, որ թռչունների աղտոտման պատճառն ամենայն հավանականությամբ Հրազդան գետը չէ:

 

Լուսանկարը՝ Armenian Birdwatching Association էջից

Վերջինս մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ նշեց, որ կենդանիների աղտոտման գոտին սկսվում է գլխից և տարածվում թևերի երկայնքով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է կենդանիներն աղտոտվել են սնվելու ընթացքում: Ըստ կենդանաբույժի թռչունների իրավիճակը բավական բարդ է: «Արագիլներին պետք է հնարավորինս հավաքել և փորձել մաքրել նրանց, չնայած նյութը շատ ամուր է կպած փետուրներին: Առաջին հերթին անհրաժեշտ է գտնել տարածքը, որտեղ նրանք այդպես աղտոտվում են, որը շատ հավանական է, որ լինի որևէ աղբավայր, որտեղ թափվել են այդ թափոնները»,- ասաց նա: 

Ամեն դեպքում, մասնագետները միակարծիք են՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ հայտնաբերել աղտոտման աղբյուրն ու իդենտիֆիկացնել նյութը, ինչից հետո արդեն հնարավոր կլինի իրականացնել առավել արդյունավետ մաքրման աշխատանքներ:

Պարզվում է՝ թռչունների աղտոտման, մասնավորապես՝ յուղոտման խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում: Իհարկե, ամբողջ աշխարհում առավել տարածված է թռչունների աղտոտումը նավթաարդյունաբերական թափոնների արտանետման հետևանքով: Թռչունների օգնություն ցուցաբերելու նպատակով անգամ ստեղծվել է «International Bird Rescue» նախաձեռնությունը, որը նման դեպքերի է հանդիպում գրեթե ամեն օր և մասնագիտացել է այս ուղղությամբ: «International Bird Rescue» պնդմամբ՝ յուղի անգամ փոքր քանակությունը կարող է կործանարար լինել թռչնի համար: 

Իսկ ինչպես է «International Bird Rescue» նախաձեռնությունն օգնում աղտոտված թռչուններին

Շատ մարդիկ կարծում են, որ այս գործում կարևորը յուղը լվալ, հեռացնելն է, սակայն ճշմարտությունն այն է, որ անգամ բարի մտադրություններ ունեցող մարդը կարող է հանգեցնել թռչնի մահվան, եթե միանգամից անցում կատարի լվացման գործընթացին: Իրականում «լվացումը» թռչնի համար իսկական սթրես է և կենդանին պետք է ֆիզիկապես ամուր լինի դրան դիմանալու համար: Առաջնային և ամենակարևոր բանը, որը պետք է ստանա աղտոտված թռչունը կերն է և անհրաժեշտ բուժումները, որպեսզի դիմակայի լվացման սթրեսին, իսկ այդ գործընթացը կարող է տևել մեկ ամբողջ օր կամ ավելի երկար:

«International Bird Rescue»-ի կողմից մշակվել են չափանիշներ, որոնք միջոցով կարելի է համոզվել՝ պատրաստ է արդյո՞ք թռչունն այդ գործընթացին. մարմնի և քաշի լավ վիճակ, արյան գերազանց ցուցանիշներ, ակտիվ և զգոն վարքագիծ: Քանի որ թռչնի լվացումը հանդիսանում է սթրեսային և կյանքի համար վտանգավոր գործընթաց, ապա նպատակը նրանում է, որ յուրաքանչյուր թռչուն լվացվի ընդամենը մեկ անգամ և շատ կարևոր է, որ նրա առողջական վիճակը լինի այնպիսի, որ կենդանին դիմակայի:

«International Bird Rescue»-ի կողմից թռչունների մաքրման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլեով. Լվացում, պարզաջրում, չորացում, ջրամեկուսացում, վերադարձ բնություն (իրականացվող աշխատանքների մասին մանրամասն):

Մենք զրուցեցինք նաև Կարեն Աղաբաբյանի հետ, որը նշեց, որ թռչունները, որոնց նախորդ շաբաթ մաքրել են, արդեն քիչ թե շատ նորմալ վիճակում են և կամավորների թիմը հուլիսի 28-ին այցելել է ստուգելու: «Գյուղապետարանի հետ կապը կա, իրենք նաև կազմակերպում են սնվելու գործընթացը: Նախորդ շաբաթ մենք երեքին մաքրեցինք, որովհետև մնացածն արդեն թռչող էին, և ըստ երևույթին, կարողանում են իրենց ինչ-որ ձևով մաքրել: Այս դեպքում մնում է լուծել սնվելու հարցը, մինչև արագիլները կարողանան ավելի երկար հեռավորության վրա թռչել: Մենք էլ մեր կողմից ենք նմուշները տվել անալիզի, սպասում ենք պատասխանի, գուցե այդ ժամանակ հնարավոր լինի ինչ-որ հստակ բան ասել, իսկ հիմա բոլորը կարծես ենթադրությունների վրա են»,- ասաց նա:

Լուսանկարը՝ Լյուբա Բալյանի էջից

Միևնույն ժամանակ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը գրում է. «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում պահվող արագիլներից մեկին հաջողվեց մաքրել աղտոտվածությունից։ Վերջին շաբաթվա ընթացքում մեր արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում հաջողվեց համատեղ մշակել մեթոդ, որը գրեթե ամբողջությամբ մաքրում է արագիլների վրա հավաքված կեղտը։ Տեսանյութում երկու արագիլներն են, որոնցից մեկը մաքուր, մյուսը՝ սկզբնական վիճակում։ Մաքրման ուղեցույցը որում ներառված են ջրի օպտիմալ ջերմաստիճանը, տևողությունը և մաքրող նյութերի հարաբերակցությունը ջրի հետ մշակման ընթացքում է։ Կենդանու ընդհանուր վիճակը լավ է, սնվում է և առույգ է։ Վերականգնվելուց հետո արագիլը ազատ կարձակվի»։

Երեկ՝ հուլիսի 28-ին տեղի է ունեցել ևս մեկ այցելություն Հովտաշեն համայնք, որի ընթացքում աղտոտման աղբյուրի բացահայտման ևս մեկ վարկած է առաջ քաշվել: Կարեն Աղաբաբյանը գրում է. «Ըստ երեվույթի, աղտոտման աղբյուրը թառափի ձկնաբուծարաններն են, որոնք գցում են ձկների ներքին օրգանները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ յուղ` գետերի մեջ: Այս արտանետումները ձևավորում են ջրանցքներում խցանում, և այդ կետերում արագիլները սննդամթերք են փնտրում, ձկան յուղի մեջ հայտնվելով և մնացաց բոլոր հետեւանքներով:

Այս վարկածը պահանջում է հաստատում, որից հետո պետք է պարտադրվի ձկնաբուծարաններին ջրանցքների մաքրում և իրենց թափոնները կառավարելու այլ միջոցներ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում