Տեղի բնակչությունը շատ խորը և անկեղծ կապ ունի շրջակա միջավայրի հետ. «ICCA Consortium»-ի ամփոփում (տեսանյութ)

«Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, ֆանտաստիկ լանդշաֆտ, խորը մշակույթ և բնական է, որ դուք այստեղ ունեք «կենսական տարածքներ»»,- Հայաստանում տեղի ունեցած «ICCA Consortium»-ի (Indigenous Communities or communities for conserved areas) ռեգիոնալ կոնֆերանսի ժամանակ ասել է «ICCA Consortium»-ի գլոբալ համակարգող Գրացիա Բորինին։

Հունիս ամսին Հայաստանում տեղի ունեցավ համայնքային զարգացման տեսանկյունից կարևոր իրադարձություն․ «ICCA Consortium»-ի ռեգիոնալ կոնֆերանսը նպատակ ունի աջակցել Հայաստանի համայնքներին մաս կազմել «ICCA» մեծ ընտանիքի, հայտնաբերել և հռչակել «կենսական տարածքներ» (Territories of life), ինչպես նաև անմիջական շփման ու դասընթացների միջոցով իրականացնել փորձի փոխանակում: Կոնֆերանսի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Վայոց ձորի Վարդահովիտ համայնք, որն առաջինն է Հայաստանում, որը ցանկություն է հայտնել դառնալ «կենսական տարածք»։

Կոնֆերանսի իրականացման աջակից հանդիսացող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ խոսելով կոնֆերանսի կայացման կարևորության մասին, ասել է․ «Միտումը մեկն է․ ինչպես անել, որպեսզի պահպանվող տարածքները կայուն դառնան ի շնորհիվ համայնքների, որոնք ապրում են այնտեղ երկար հարյուրամյակներ, կապ ունեն բնության հետ, կապ ունեն շրջակա միջավայրի հետ, գիտեն գնահատել այդ միջավայրը և օգտագործել իրենց կապը, ավանդույթներն՝ էլ ավելի նպաստելով բնության պահպանությանը»։

Կոնֆերանսի մեկ այլ մասնակից Այբեկ Սամակովը վստահեցրեց․ «Ես միանշանակ կարող եմ ասել, որ տեղի բնակչությունը շատ խորը և անկեղծ կապ ունի շրջակա միջավայրի հետ, նաև կան այնպիսի ինստիտուտներ, ավանդույթներ, ոչ պաշտոնական կանոններ, որոնք թույլ են տալիս բնակիչներին կառավարել իրենց համայնքային տարածքները»։

Վարդահովիտ այցելության ընթացքում բնակիչները մասնակիցներին ծանոթացրեցին գյուղական կյանքի առօրյային․ հյուրերն անմիջապես թոնիրում համտեսեցին տաք լավաշ, օգտվեցին վարդահովիտցիների կողմից պատրաստված էկոլոգիապես մաքուր հյուրասիրությունից, ինչն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հյուրերը ևս ներկայացրեցին պատառիկներ իրենց ազգային մշակույթից։

Գրացիա Բորինին առանձնացրեց «ICCA Consortium»-ի առաջնային մարտահրավերը, որն ըստ նրա կենսական տարածքների մոռացված և ոչնչացված չլինելու համոզման մեջ է։
«Ամենակարևորը, որ համայնքն ինքը գիտակցի այն արժեքները, որոնք շրջապատում են իրենց հանձին բնության արժեքների, որովհետև դա այն արժեքներն են, որոնք պետք է անպայման պահպանվեն հաջորդ սերունդների համար, դրանք պարտքով են վերցված հաջորդ սերնդներից, դրանք իրենցը չեն»,- եզրափակեց FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում