Չարաշահումներ Թեղուտի հանքավայրում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի թիվ 1278-Ն որոշմամբ թույլատրվել է ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Իսկ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաև հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում և նոր տնկված ծառերով տարածքը պահպանում և խնամում:

ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարների 2008թ. փետրվարի համատեղ հրամաններով կանոնակարգվել է անտառային ծածկույթի հատման, ինչպես նաև անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման գործընթացը: Դրա շրջանակներում 2012թ. հուլիսի 27-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2012-2015թթ. ընթացքում 431.638.661 ՀՀ դրամի դիմաց 315 հա տարածքում կատարել ցանկապատման, անտառ-մշակույթների հիմնման՝ անտառապատման, անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի, խոտհունձի և լրացման աշխատանքներ:

Անտառապատման և խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ վերահսկողության իրականացման պարտականությունը դրվել է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների /նախկին/ վրա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015թթ. կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015թթ. ընթացքում կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման և ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված և դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է շուրջ 114.580.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 4-ին և 2019թ. ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերևակեր վնասատուներով: Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաև անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015թթ. աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել շուրջ 114.580.000 ՀՀ դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք: Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015թթ. չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվելու նաև ուսումնասիրության առարկային առնչվող մի քանի այլ պետական մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը՝ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին ևս քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում