Ագարակի կոմբինատում մթնոլորտ ստեղծողը և իրավիճակի տերը լինելու է բանվորը․ մանրամասներ

Մեղրի քաղաքային համայնքի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հրապարակում եմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների (նախաձեռնող խմբի) կոչը։ Հաշվի առնենք մի բան։ ԳեոՊրոՄայնինգ ընկերության տնօրենը աշխատակիցներին մտածելու ժամանակ էր տվել մինչև չորեքշաբթի։ Տղաները ճկունություն ու ողջամտություն ցուցաբերեցին։ Որոշեցին վաղվանից սկսել աշխատանքները՝ առաջ քաշելով իրենց պայմանները։ Մինչև կհստակեցվի Ընկերության մոտեցումները (1 ամիս ժամանակ են խնդրել 38 կետեր նայելու, քննարկելու և ներկայացնելու համար), փաստացի վաղվանից սկսած մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, կոմբինատում մթնոլորտ ստեղծողը և իրավիճակի տերը, այս թղթով ամրագրված, լինելու է բանվորը»։

Վերջինս մանրամասնում է․ «Հաշվի առնելով ս/թ հուլիսի 11-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրեն Ռ. Խուդոլիյի այցը և կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպումն ու բարձրացված հարցերը վերանայելու ու քննարկելու պատրաստակամությունն ու կառուցողական մոտեցումը՝ մենք հայտարարում ենք վաղվանից՝ ս/թ հուլիսի 14-ից սկսել աշխատանքները բնականոն ընթացքով և նույնը կոչ ենք անում մյուս արտադրամասերի աշխատակիցներին՝ պայմանով, որ

1. Չեն լինելու հաշվեհարդարներ և արհեստականորեն ձեռնարկված ռեպրեսիաներ աշխատողի օրինական և տարիներով կուտակված բողոքը բարձրացրած, բողոքը նախաձեռնած աշխատակիցների նկատմամբ ոչ միայն այս անցումային մեկ ամսյա ժամանակահատվածում, այլ երբևէ։

2. Աշխատանքի գնալու պահից պետք է լիիրավ գործի աշխատանքային պայմանագրով և աշխատանքային օրենսգրքով սահմանված անխտիր բոլոր կետերը (ընդգծում ենք գիշերային և ծանր և առանձնապես վտանգավոր աշխատանքի դիմաց, պարապուրդի դիմաց հավելավճարների պահանջը)։

3. Անվտանգության աշխատակիցների կողմից աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքի հստակեցում. պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք։

Վերոնշյալ և առանձնացված կետերը, մենք՝ ներքոստորագրյալներս, համարում ենք ելակետային և առաջնային։

Եթե վերոգրյալ բնականոն և արժանապատիվ աշխատանքի համար կենսական նշանակության այս կետերը չիրագործվեն մինչև ս/թ օգոստոսի 15֊ն ընկած ժամանակահատվածում (տնօրինության հետ պայմանավորվալոըթյան համաձայն մյուս հանդիպումը նախատեսվում է 2 շաբաթից մեկ ամիս հետո), ապա մենք օրենքի տառին համապատասխան կհայտարարենք գործադուլ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում