«Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարը նոր ուժով». Ամուլսարում լարված է (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 13-ին լարված իրավիճակ է ստեղծվել դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները փակած քաղաքացիների և ոստիկանության, քննչական մարմնի ներկայացուցիչների միջև: Ճանապարհները փակած քաղաքացիները, ինչպես նաև տարածքում գտնվող բնապահպան ակտիվիստները հայտնել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք թույլ չեն տվել հանքավայրի տարածք մուտք գործել «Լիդիան Արմենիա» ընկերության մեքենաներից մեկին: 

Միջադեպից հետո Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք:

Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»: 

Սակայն, միջադեպի մասնակից քաղաքացիները պնդում են, որ մեքենան, որով խումբը փորձել է մուտք գործել տարածք պատկանել է հանքի տարածքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերությանը, ինչի պատճառով էլ արգելվել է մուտքը տարածք: Այդ մասին քննչական կոմիտեի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում:

«Ավելի վաղ վերջիններս տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա: ...

Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաննեն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։

Ոստիկանությունը և քննչականը բանակցում են տեղացիների հետ:Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը»,- ասվում է «Ամուլսարի պահապանների» հայտարարության մեջ: 

Միջադեպին արձագանքել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանը՝ գրելով. «Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»: 

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ևս դատապարտել է տեղի ունեցած միջադեպը՝ գրելով. «Մենք` որպես Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներ, տեսնելով նաև Հայաստանի այլ ոլորտներում առկա էկոլոգիան ճգնաժամերը` մասնավորապես Սևանի ճահճացումը, Թեղուտի վիճակը, Զանգեզուրի ապականումը, հայտարարում ենք, որ չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարը նոր ուժով։

Ամուլսարի պահապաններին մեկ օրվա ընթացքում ազատ չարձակելու դեպքում ոտքի ենք հանելու նաև Երևանի մտահոգ քաղաքացիներին և խաղաղ պայքարի միջոցով սիրո և համերաշխության մթնոլորտում ստիպելու ենք ձեզ կատարել այն ինչ պիտի կատարեք, այն է ականջալուր լինեք ձեր քաղաքացիների արդարացի պահանջներին և թույլ չտալ Հայաստանը վերածել նոր բռնապետության»: 

Իսկ հանքը շահագործել նախատեսող ընկերությունը արձագանքել է միջադեպին՝ հայտնելով, թե ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունն այս այցը չի նախաձեռնել, ընկերության երկու փորձագետները ուղեկցել են Քննչական կոմիտեի քննիչներին և փորձագետներին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք արդեն մեկ տարի ապօրինի փակ են պահում Ամուլսարի ճանապարհները, խոչընդոտել են Քննչական կոմիտեի մուտքն Ամուլսարի տարածք՝ չենթարկվելով ոստիկանության պահանջին։ Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը:

Մի խումբ մարդիկ, որոնք մեր համոզմամբ չեն ներկայացնում համայնքի տեսակետը, արդեն մեկ տարուց ավելի իրականացնում են անպատիժ ապօրինություն՝ փորձելով տապալել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումը։ Այսօր էլ նրանք փորձել են խոչընդոտել փորձաքննական միջոցառումները, որի նախաձեռնողը ՀՀ Քննչական կոմիտեն է»։

Հիշեցնենք, որ հուլիս ամսվա վերջում նախատեսվում է հրապարակել նաև ՀՀ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում իրականացված փորձաքննության արդյունքները

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում