«Ախչի՛, աննորմալ հո՞ չես». ԱԻՆ մամուլի քարտուղարը վիրավորել է լրագրողին և տրամադրել թերի տեղեկատվություն

Օրերս համացանցում ահազանգ հնչեց այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ԱԻՆ աշխատակիցները կրակել են թափառող կենդանիներին և գցել մեքենայի մեջ։ «Դինգո թիմ» ՀԿ իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «...ժամը 12-ից 2-ը ընկած ժամանակահատվածում Բանգլադեշում կրակել են շներին (ականատեսի ասելով՝ քնեցնող զենքով) և գցել ԱԻՆ-ի մեքենան ... Կարևոր է նշել, որ մոտ 2 տարի է, ինչ բոլոր ահազանգերը թափառող շների հետ կապված մերժվել են ԱԻՆ-ի կողմից՝ ասելով, որ իրենց համապատասխան բաժին չունեն ու թափառող շներով չեն զբաղվում: Ավելին՝ մարդկանց հաճախ փոխանցել են մեր համարը: Եվ հանկարծ այսօր պարզվում է, որ շներ են կրակել, տարել անհայտ ուղղությամբ, ու մեզ էլ տարածքը չեն ասում»:

Ականատեսներից ոմանք համացանցում գրել են, որ ԱԻՆ աշխատակիցները տարել են կենդանիներին:

Միջադեպի մասին տեղեկություն ստանալու նպատակով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ է հաստատել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար` Էդմոն Զարգարյանի հետ, որը լրագրողի հետ զրույցում դրսևորել է ագրեսիվ վարք, վիրավորել լրագրողին և ցուցադրել էթիկայից դուրս վարք՝ միարժամանակ տրամադրելով թերի տեղեկատվություն։

«Ահազանգ է եղել, որ թափառող շները հարձակվել են մարդկանց վրա, մեկին կծել են, տարել են բժշկական կենտրոն։ Մերոնք գնացել են, ցրել են էլի շներին, որ մարդկանց բան չանեն, փախել են շները, չեն թողել, որ մարդկանց կծեն»,- ասաց նա սկզբում։

Լրագրողի խնդրանքին պարզաբանել «ցրել» ասվածը, վերջինս պատասխանեց. «Մեր աշխատողները գնացել են, որ օգնեն մարդկանց, մարդ չի եղել, շներն են եղել»:

Լրագրողի հարցադրմանն ի պատասխան, թե տարիներ շարունակ, երբ քաղաքացիները նման դեպքերով զանգահարել են ԱԻՆ փրկարար ծառայություն, մշտապես ստացել են բացասական պատասխան, ապա ի՞նչ է փոխվել ԱԻՆ ծառայության գործառույթներում այժմ, պարոն Զարգարյանը սկսել է ագրեսիվ վարք դրսևորել։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անձամբ բազմաթիվ անգամներ դիմել է ԱԻՆ նույն խնդրով, սակայն մշտապես հնչել է պատասխան՝ «մենք զբաղվում ենք միայն մարդկանցով»։ Այս դեպքում, ըստ Էդմոն Զարգարյանի պատասխանի՝ տեղանքում մարդիկ չեն եղել, սակայն ԱԻՆ աշխատակիցներն անհայտ պատճառով որոշել են «ցրել» կենդանիներին, իսկ թե «ցրել» ասելով ի՞նչ ի նկատի ուներ պարոն Զարգարյանը, ևս մնում է անհայտ։ Ընդ որում, մամուլի խոսնակի պատասխանը հակասական տեղեկություններ է պարունակում․ վերջինս սկզբում պնդում է, որ տեղանքում մարդ չի եղել, վայրկյաններ անց ասում՝ «ցրել են, որպեսզի մարդկանց չվնասեն»։

Այնուամենայնիվ, լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ, թե վերջիվերջո տեղանքում արդյո՞ք մարդ եղել է, թե՞ ոչ կամ որքանո՞վ է ճիշտ եղել պարզապես «ցրել» կենդանուն, որը կծել է քաղաքացուն և կարող է հանդիսանալ կատաղություն հիվանդության վարակակիր ու տարածող։ Հարցադրումները հավանաբար դուր չեն եկել Էդմոնդ Զարգարյանին, որն ասել է լրագրողին․ «Աղջիկ ջան, կարողա՞ հիվանդ եք Դուք, ուրեմն ես ձեզ պաշտոնական բան եմ ասում... այլևս չզանգեք դուք ինձ, ոնց որ թե դուք չեք հասկանում»։

Իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողը հիշեցրել է, որ վերջինս խոսում է լրագրողի հետ, ինչին Զարգարյանը պատասխանել է. «Ում հետ ուզում ա խոսամ, խի՞ լրագրողն ամեն ինչի իրավունք ունի, բեսպրիդել ա՞»։

Այնուհետև մի քանի վայրկյան տևողությամբ փոխադարձ լարված խոսակցությունից հետո Էդմոն Զարգայնն անջատել է հեռախոսը՝ չտրամադրելով անհրաժեշտ տեղեկատվությունը և բղավելով. «Ախչի՛, աննորմալ հո՞ չես»:

Հիշեցնենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ը սահմանում է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

Իսկ նույն հոդվածի 3-րդ կետով արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Հավելենք, որ դեպքից 2 օր անց, երբ ամբողջ կենդանասեր հասարակությունը փորձում էր հասկանալ, թե ի վերջո ի՞նչ են ԱԻՆ աշխատակիցներն արել կենդանիների հետ, ԱԻՆ կայքում հրապարակվում է հետևյալ տեղեկատվությունը. «Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով:

Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են»:

Ուշագրավ է նաև, որ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործվում է «փչովի սարք» անհայտ տերմինը, որն իրականում կոչվում է հեռահար թմրեցման սարքավորում (ներարկիչ): Պարզվում է նաև, որ ԱԻՆ-ում ձևավորվել է կինոլոգիական խումբ, այն դեպքում, երբ ամբողջ հանրապետությունում հայտնի են ընդամենը մի քանի կինոլոգներ, որոնք չեն աշխատում ԱԻՆ-ում: Այս օրերին նշված դեպքի առնչությամբ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներ են դիմել մի շարք քաղաքացիներ, որոնց տրվել են տարբեր բովանդակությամբ պատասխաններ:

Փաստացի, բացի վերոնշյալ հանգամանքներից ԱԻՆ աշխատակիցները չեն իրականացրել նաև համաճարակային հիվանդության տարածման կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ, որոնք սահմանվում են «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ««Բնակչության շրջանում կատաղության հիվանդության կանխարգելում» ՍԿ 3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանով:

Դեպքի առնչությամբ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պաշտոնապես կդիմի ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ինչպես նաև լրագրողական աշխատանքին խոչընդոտելու, պետական պաշտոնյայի կողմից էթիկայից դուրս վարք դրսևորելու դեպքերն ուսումնասիրող կառույցների:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում