Առյուծն «անհետացել» է գործարանից. Տեսուչները դիմել են ոստիկանություն (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակման առնչությամբ դիմել է Ոստիկանություն: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին ԲԸՏՄ մամուլի բաժնից՝ տեսուչները այցելել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահվող առյուծի մասին ահազանգի հետքերով, սակայն կենդանուն չեն հայտնաբերել նշված տարածքում:

«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված տարածքում զննում է իրականացվել, որի արդյունքում կենդանին չի հայտնաբերվել: Գործի հետագա ընթացքն ապահովելու համար, պարզելու համար առյուծ պահող անձի ինքնությունը դիմել ենք ոստիկանություն»,- մանրամասնեցին մեզ հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ահազանգել ենք Կ. Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան) պահվող առյուծի մասին: Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է: Ճշտելու համար կենդանու պահման օրինականությունը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դիմել է ԲԸՏՄ, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարություն: 

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված գրությամբ խնդրում ենք պարզաբանել, թե արդյո՞ք կենդանու պահման մասին առկա են տվյալներ ՍԻԹԵՍ գրանցամատյանում և նախարարության կողմից տրվել է արդյո՞ք կենդանուն անազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլտվություն: Պատասխան գրությամբ հայտնում են. «...շրջակա միջավայրի նախարարության կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում պահվող առյուծի (Panthera leo) ներմուծման թույլտվություն չի տրամադրվել, հետևաբար ՍԻԹԵՍ գրանցամատյանում գրանցված չէ:

Հայաստանի Հանրապետություն ՍԻԹԵՍ հավաստագրով ներմուծված կենդանիների վերաբերյալ տեղեկությունը կարող եք ստանալ Պետական եկամուտների կոմիտեից»: 

Փաստացի, կենդանու մասին տվյալներ առկա չեն նաև ՍԻԹԵՍ գրանցամատյանում, ինչը վկայում է, որ պետական պատասխանատու կառույցը չունի տեղեկություններ մայրաքաղաքում անազատ պայմաններում պահվող գիշատիչ կենդանու ծագումնաբանության, ինչպես նաև պահման օրինականության և պայմանների մասին: Կենդանու ներկայիս գտնվելու վայրն ընդհանրապես անհայտ է: 

Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի: Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»: 

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ՀՀ-ում օրենսդրական բացերի և պատշաճ վերահսկողության բացակայության հետևանք: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում