Պլաստիկի դեմ «պայքարի դուրս կգան» երևանյան դպրոցների 100 աշակերտներ (ֆոտո)

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Արամի փողոցի հարակից այգում կմեկնարկի «Հակապլաստիկ հերոսներ» բնապահպանական հանրային միջոցումը, որի ընթացում պլաստիկի դեմ «պայքարի դուրս կգան» երևանյան դպրոցների 100 աշակերտներ:

Աշակերտներին կքաջալերեն նաև ոլորտը կարգավորող կառույցների ներկայացուցիչները: Հյուրերի թվում են ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ներկայացուցիչներ Երևան քաղաքապետարանից և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Աշակերտները միջոցառման են գալու էկոգիտելիքով զինված. նախաձեռնության շրջանակում երևանյան հինգ դպրոցներում անցկացվել են պլաստիկի ձևավորման և կյանքի ցիկլերը ներկայացնող էկոլոգիական ինտերակտիվ դասընթացներ: Կրթական միջոցառումների հիմնական նպատակն է պլաստիկի օրինակով աշակերտներին ծանոթացնել համակարգային և դիզայն մտածողության սկզբունքներին, որոնց միջոցով կարելի է մշակել տնտեսական և սոցիալական խնդիրներին ուղղված այնպիսի լուծումներ, որոնք ոչ միայն չեն վնասում, այլև օգնում են բնությանը:

Կազմակերպիչները համոզված են՝ երիտասարդ սերունդի էկոլոգիական գիտելիքն ու հմտությունները, տարբեր խնդիրների լուծման էկոմոտեցումները կենսական նշանակություն ունեն Երկիր մոլորակի ապագայի համար: Երեխաների այս սերունդն է պայքարելու պլաստիկի և գլոբալ տաքացման դեմ՝ գտնելով կայուն և նորարար լուծումներ, իսկ նրանց հետ այս հարցի շուրջ խոսելու ամենաարդյունավետ ճանապարհը ինտերակտիվ կրթությունն ու հետաքրքիր խաղերն են:

Դասընթացի մասնակից փոքրիկները մայիսի 18-ին հնարավորություն կունենան խաղերի ու մրցույթների միջոցով կիրառել իրենց ստացած գիտելիքները՝ մասնակցելով պլաստիկի վերամշակման առաջնային փուլերից մեկին՝ տեսակավորմանը: Բացօթյա ուրախ խաղերի ընթացքում աշակերտները կտեսակավորեն շուրջ 300 կգ պլաստիկ, որը հետագայում կվերամշակվի՝ վերածվելով դպրոցի և քաղաքի համար օգտակար և կիրառելի իրերի:
Միջոցառումն իրականացնում է «Փրոփր Պլաստիկ» կայուն դիզայնի ընկերությունը, Revolve Consulting-ը և Գլոբալ Շեյփերս Երևանը (համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասը)։ Հեղինակների հավաստմամբ՝ «Հակապլաստիկ հերոսներ» նախաձեռնությանը շարունակակն բնույթ է կրելու: Հակապլաստիկ առաջին հերոսներ են դառնալու «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, «Արեգնազան» կրթահամալիրի, «Այբ», Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 և Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցների 6-7-րդ դասարանների սաները: 

Հեղինակները նպատակ ունեն նմանօրինակ միջոցառումների միջոցով բարձրացնել երեխաների բնապահպանական իրազեկության աստիճանը, նպաստել էկո-քաղաքացիական մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը՝ Երևանը վերածելով կայուն կանաչ քաղաքի:

Նշենք, որ կազմակերպիչները առաջարկում են բոլորին միանալու հակապլաստիկային ուրախ տոնին. միջոցառման ընթացքում «Փրոփր Պլաստիկ» կայուն դիզայնի ընկերությունը կիրականացնի օճառի և խնամքի այլ միջոցների մաքուր պլաստիկ շշերի ընդունում:

Ծրագրի հեղինակներից՝ «Փրոփր Պլաստիկը», կայուն դիզայնի ընկերություն է, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել նորարարկան մոտացումներ թափոնների կառավարման շուրջ՝ դեն նետված պլաստիկ նյութերը տնտեսապես կենսունակ արտադրանքի վերածելով ու կիրառելով վերամշակման և արտադրության բնապահպանորեն անվտանգ եղանակներ:

Revolve Consulting-ը հանդիսանում է առաջատար զարգացման խորհրդատվական կազմակերպություն, որի նպատակն է շրջանաձև տնտեսությանը միտված բիզնես մոդելների վերափոխումը և կայուն զարգացման համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը: Օգնելով իր շահառուներին ստեղծել դրական բիզնես արժեք, կրճատել ռեսուրսենրի շահագործման ծախսերը՝ Revolve Consulting-ը ընդունում է մարտահրավերը՝ վերափոխելու մեր ներկայիս բացասական հետքերը ի նպաստ ապագա սերունդների։

Գլոբալ Շեյփերս Երևանը համաշխարհային Գլոբալ Շեյփերս համայնքի (Global Shapers Community) մասն է և ստեղծվել է 2012 թվականին։ Լինելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) նախաձեռնություն՝ Գլոբալ Շեյփերս համայնքը մինչև 30 տարեկան ոգևորող երիտասարդների միջազգային ցանց է, որը լուծում է տարբեր տեղական և գլոբալ խնդիրներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում