Ով է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը մայիսի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանին:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Վիգեն Ավետիսյանը պաշտոնավարման ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կծառայեցնի տեսչական մարմնի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացմանը, նաև իր աջակցությունն է հայտնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Բնապահպանություն նախարարությունում վերջին տարիներին Վիգեն Ավետիսյանը հանդիսացել է Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետը: 2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում: Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Վիգեն Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդին նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ պատվով կիրականացնի իր առջև դրված պարտականությունները և համատեղ արդյունավետ աշխատանք մաղթել տեսչական մարմնի աշխատակիցներին:

ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 10-ի N 517-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Վիգեն Ավետիսյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում