Ջերմուկցիների նամակը վարչապետին ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Օրերս Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ մեծ հանրահավաք ի պաշտպանություն Ամուլսարի: Ջերմուկ համայնքի բնակիչները, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ շարունակում են դեմ արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը: Հանրահավաքի ընթացքում Ջերմուկ համայնքի բնակիչները նաև նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ պատգամավորներին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի Վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, հարգելի Ազգային ժողովի պատգամավորներ, Ջերմուկ համայնքը որպես հանքաջրաբուժական առողջարան ձևավորվել է տասնամյակների ընթացքում և որպես առողջարանային հանգստի գոտի ունի համաշխարհային ճանաչում: «Կուրորտաբանության և ֆիզիկակական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» մասնագետների կողմից տարիներ շարունակ ուսումնասիրվել և մշակվել են «Ջերմուկ» հանքային ջրով մի շարք հիվանդությունների բուժման մեթոդներ, որոնք համաշխարհային համբավ են բերել Ջերմուկ առողջարանային քաղաքին:

Ջերմուկ համայնքի տնտեսական համակարգը ձևավորվել է հանքաջրաբուժական, հանքային ջրի շշալցման և զբոսաշրջային ծառայությունների մատուցման առանցքի շուրջ, և ցանկացած նոր մոդելի, նոր համակարգի արհեստական ներմուծում, որը կհանգեցնի ավանդական կենսակերպի փոփոխության, կխաթարի զարգացման մեր տեսլականը, ունենալու է կոշտ հակազդեցություն:

Մետաղական հանքարդյունաբերությունը տեղաբնակներիս համար այլընտրանք չէ, նոր աշխատատեղերի և ավելի բարեկեցիկ ապագայի հույս չէ, քանի որ մենք արդեն իսկ ունենք կայուն և հաջողակ տնտեսական համակարգ: Այս ամենի վկայությունն է այն, որ հանքավայրի աշխատանքները դադարեցրած երիտասարդության մեծ մասն աշխատում էր հանքավայրի շինարարական ծրագրում և ստանում էր անհամեմատ բարձր աշխատավարձ, քան սպասարկման ոլորտում աշխատելիս: Այս ամենով հանդերձ երիտասարդությունը հանձն առնելով պաշտպանել Ամուլսարը, հրաժարվեց բարձր աշխատավարձով աշխատանքից: Մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, դադարեցնելով հանքավայրի շինարարական աշխատանքները, գիտակցաբար հրաժարվել ենք ժամանակավոր բարեկեցության պայմաններից: Սա արժեքային մոտեցում է: Հանքարդյունաբերությունն ու դրա հետևանքով մեզ պարտադրված վարքն ու ապագայի պատկերացումներն անհամատեղելի են մեր տեսլականի հետ:

Կառավարությունը ձևավորվում է իր ժողովրդի տեսլականը կյանքի կոչելու համար: Մեր տեսլականն է ապրել էկո-տնտեսական միջավայրում՝ զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներով:

Մեր պայքարը սկսվել է 2012թ․-ից, երբ առաջին անգամ տեղեկացանք հանքավայրի առկայության մասին: 2012թ մայիսի 29-ին Ջերմուկ համայնքի ավագանին բաց նամակ էր հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման ծրագիրը:

Միևնույն պահանջով Ջերմուկ համայնքի ավագանին դիմել է պարոն Փաշինյանին սույն թվականի մայիսի 23-ին:

Քանի որ Ջերմուկ քաղաքը մինչև 2016թ չէր ճանաչվում ազդակիր համայնք և օրենքով սահմանված կարգով հնարավոր չէր կազմակերպել հանրային լսումներ, ցանկություն ունենալով ակտիվորեն ներգրավվել հանքավայրի ազդեցության հետ կապված ռիսկերի վերհանմանը, Ջերմուկի բնակիչների ուժերով 2012թ-ին Երևանում կազմակերպվեցին թվով երկու մասնագիտական քննարկումներ, որոնց հրավիրվել էին պետական իրավասու մարմիններ, հանքավայրը շահագործել ցանկացող կազմակերպությունն ու Հայաստանի մասնագիտական հանրությունը: Համայնքի կողմից պայքարն ակտիվ է եղել նաև հետագա տարիներին:

Նույնիսկ 2016թ-ին Ջերմուկ քաղաքը ճանաչվելով ազդակիր համայնք, մեզ մոտ չկազմակերպվեցին օրենքով սահմանված կարգով հանրային լսումներ:

Մենք գիտակցում ենք, որ 2010 թ-ին Tiger Dev Swiss կազմակերպության կողմից Ջերմուկ քաղաքի համար մշակված Master Plan-ն այդպես էլ մնաց թղթի վրա Ամուլսարում հանքարդյունաբերության հայտվելու արդյունքում: Դրա վառ վկայությունն է Ջերմուկի քաղաքապետարանում և այլ աղբյուրներում Tiger Dev Swiss կազմակերպության մշակած նախագծի միայն մի մասի ցուցադրությունը: Եվ միայն հեղափոխությունից հետո կարողացանք պարզել, որ ենթակառուցվածքների զգալի մասնը նախագծված է եղել հենց Ամուլսարի ռելիեֆային պայմանների վրա:

Ըստ Tiger Dev Swiss կազմակերպության մասնագետների, իրենց ներկայացրած պլանի իրագործման արդյունքում Ջերմուկում կստեղծվեր հավելյալ 4000 աշխատատեղ և համայնքը կունենար 100 մլն դոլարի տարեկան շրջանառություն:

Ահա թե ինչից էր զրկվել Ջերմուկը: Մեզ զրկել էին ներդրումներ ներգրավելու հնարավորությունից, մեզ զրկել էին զարգանալու և աճելու հնարավորությունից: Մեր ստեղծած, մեր ունեցած տնտեսական էկոհամակարգն ավելի արդյունավետ և ավելի կայուն է, իսկ 10 տարվա կյանք ունեցող մետաղական հանքարդյունաբերությունը մեզ համար այլընտրանք չէ:

Չենք կարող գնահատական չտալ հարգարժան վարչապետի, պարոն Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ELARD ընկերության մասնագետները տան եզրակացություն, ըստ որի Ամուլսարում բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա հանքը կշահագործվի, եթե կառավարելի չեն՝ չի շահագործվի:

Հարգելի վարչապետ, Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները դուրս են եկել պայքարի ոչ միայն հանուն բնապահպանության, այլ առաջին հերթին հանուն իրենց խախտված իրավունքների:

Այդ իրավունքները ևս մեկ անգամ ամրագրել ենք 3000 ստորագրություններով հաստատված և համայքի ավագանու հավանությունը ստացած հանրագրով՝ այն է, Ջերմուկ համայնքը դարձնել էկո-տնտեսական տարածք և արգելել մետաղական հանքարդյունաբերությունը:

Եվ համայնքի բնակիչները հավաքական կերպով, և տեղական ինքնակառավարման մարմինը 2012թ-ից սկսած բազմիցս և շարունակական բարձրաձայնում են հանքավայրի շահագործման հետ կապված գործընթացներում իրենց իրավունքների ոտնահարման մասին, իրավունքների և օրենքների անհամապատասխանության, օրենքների ընտրողաբար կիրառման, օրենքների սողանցքների և դրանց բովանդակության վերաբերյալ:

Խնդրում եմ արձանագրեք, որ Կառավարությունը, ՏԻՄ-ը, հանքարդյունաբերողն ու նրա բաժնետերերը հայտնվել են այս իրավիճակում համայնքի ձայնն առհամարհելու և հաշվի չառնելու արդյունքում:

Խնդրում եմ արձանագրեք, որ համայնքի ձայնը շարունակում է մնալ չլսված և այն օրենքները, որոնց պատճառով բոլորս հայտվել ենք ոչ նախանձելի իրավիճակում, շարունակում են գործել նույն բովանդակությամբ:

Հարգելի պարոն Փաշինյան, գործընթացը տանելով միայն բնապահպանական դաշտում լուծելու ուղղությամբ և բաց թողնելով իրավական լուծումներ տալու անհրաժեշտությունը, հանգել ենք նրան, որ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվելու և ուղիղ ժողովրդավարության սկզբունքներն ամրագրելու հարցում հապաղելու հետևանքով, ՀՀ վերաքննիչ դատարանը սույն թվականի ապրիլի 19-ին որոշում է կայացրել պարտավորեցնել Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: Կարծում ենք գիտակցում եք, որ դատարանի նման որոշումը Կառավարության անորոշ դիրքորոշման հետևանք է:

Պետության մեջ իրավունքն ապրում է դատարաններում: Եթե Ոստիկանությունը, Դատախազությունը և Առաջին ատյանի դատարանը սույն գործով գիտակցել են, որ գործ ունեն ուղիղ ժողովրդավարության կիրառման հետ, որտեղ բնակչությունը դուրս է եկել ընդդեմ իր շահերի կայացված որոշման դեմ, ապա վերաքննիչ դատարանի այս որոշումը իսկական ական է պետության համար, քանի որ Ջերմուկ համայնքի բնակիչներն իրենց իրավունքների իրացման հարցում ունեն նաև հսկայական հանրային աջակցություն: Գտնում ենք, որ պետական իշխանության երեք թևերի գերխնդիրն է թույլ չտալ այսպիսի իրավական կազուս:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է, ուստի դիմում ենք ՀՀ Ազգային Ժողովին:

Հարգելի Ազգային Ժողովի պատգամավորներ, ցանկանում ենք նշել այն օրենքները, որոնցում առկա բացթողումների պատճառով Ջերմուկ համայնքի բնակիչները հայտնվել են այս իրավիճակում:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում կարիք կա վերանայելու «ազդակիր» տերմինի բնութագրումն ու այն որոշելու իրավասության հետ կապված սահմանումները, դեպքերը, պայմանները:

Ջերմուկ համայնքը ազդակիր ճանաչվեց միայն 2016թ-ին: Որպես փաստ բերվում է համայնքների խոշորացումը, այն դեպքում, երբ Զառիթափ խոշորացված համայնքն ազդակիր չէ:

Արփա և Որոտան գետերի ցանկացած աղտոտման դեպքում մեծ հարվածի տակ է դրվում Արփա և Որոտան գետերի ավազանում գտնվող համայնքերի գյուղատնտեսությունը: Հաշվի առնելով, թե խաղողագործությունն ու գինեգործությունն ինչ դեր ունեն ՀՀ տնտեսության մեջ, առնվազն զարմանալի է, որ Արենի համայնքը չի ճանաչվում ազդակիր համայնք: Արենի համայնքի ավագանին ելնելով իրենց համայնքի շահերի պաշտպանությունից 2018․20 թ դիմել են ՀՀ բնապահպանության նախարարին Արենի համայնքը ճանաչել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրում նախատեսվող գործունեության ազդակիր համայնք:

Փաստացի Արենի համայնքը գիտակցել է, որ Ամուլսարի շահագործումն զգալի ռիսկեր է պարունակում նաև Արենի համայնքի բնակիչների համար: ՀՀ Կառավարության 19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-Ն «Հանրային ծանուցման եվ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշումն ունի էական բովանդակային թերություններ:

Իրականության մեջ հանրային լսումներն անց են կացվում հանրության տեսադաշտից հեռու, երբեմն խիստ մասնագիտական մոտեցումներով, միակողմանի տեղեկատվության ներկայացմամբ: Խիստ մտահոգիչ է նաև հանրային լսումների վերջնարդյունքի հետ կապված կարգավորումը, ըստ որի հանրային լսումների արդյունքում ներկաների արտահայտած դիրքորոշումը չունի պարտադիր կիրառման ուժ: Այս դեպքում իմաստազրկվում է հանրային լսման կազմակերպման ընթացքում մարդկանց ներկայությունը, կարծիքը, հիմնավորումը:

Խիստ անհրաժեշտ է, որպեսզի համայնքի բնակիչների կյանքում էական սոցիալ-տնտեսական, մշակութային, վարքաբանական փոփոխություններ առաջացնող նախագծերը պարտադիր դրվեն հանրաքվեի: Ուստի կարիք կա վերանայել հանրաքվեի ինստիտուտն ու էականորեն հեշտացնել հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

ՀՀ Սահմանադրությունը որպես հիմք է ընդունում Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Ակնհայտ հակասություն կա Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետի և Անկախության հռչակագրի 7-րդ կետի միջև:

Այս հակասությունն ակնհայտ դրսևորվեց 2018.12.18 թ․ Ջերմուկ համայնքի ավագանու կողմից ընդունված որոշման և պետական համակարգի կողմից դրան արձագանքելու ժամանակ: 

Հույս ենք հայտնում, որ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար Ազգային Ժողովը կնախաձեռնի իրավունքի և օրենքի դաշտում առկա հակասությունների շտկումն ու հավասարակշռության սահմանումը:

Հույս ենք հայտնում, որ Կառավարությունը ձեռնամուխ կլինի ուղիղ ժողովրդավարության հաստատման վերաբերյալ հրապարակային ստանձնած պարտավորությունների իրականացմանը և հնարավորություն կտա համայնքներին կենսական կարևորություն ունեցող հարցերում ունենալ տեղական ինքնակառավարումից բխող իրեն վերապահված լիազորություններ:

Հույս ենք հայտնում, որ Կառավարությունն ու Ազգային ժողովը քաղաքականությունների մշակման ժամանակ հաշվի կառնեն ժողովրդի պատկերացումներն ու ձգտումներն իրենց երկիրը շենացնելու, զարգացնելու հարցում և նեցուկ կլինեն Ջերմուկ համայնքի բնակիչներին ավելի հուսալի ապագա կառուցելու հարցում:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և Սահմանադրական իրավունքների վերականգնման:

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում