Էկոլոգիապես մաքուր լամպեր՝ Կոթի և Բերդավան բնակավայրերում. «Լուսավոր սահման»

«Լուսավոր սահման» ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ խոցելի սահմանամերձ համայնքների տնային տնտեսություններին տրամադրվում են լուսադիոդային (LED) էներգախնայող լամպեր՝ գյուղերի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով։

Օրերս գործակալության թիմը մի խումբ կամավորների հետ ուղևորվեց Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բերդավան բնակավայրեր։ Գյուղերի մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսություններին, առանց բացառության, նախատեսվում է բարեգործական սկզբունքով տրամադրվել 5-ական LED լամպեր, որ ենթադրում են հետագա հոսանքի ծախսի շոշափելի խնայողություն։ Այցի արդյունքում լամպեր տրամադրվեցին առաջին խումբ տնային տնտեսություններին և թիրախային արդյունքը կապահովվի մինչև մայիս ամսի ավարտը։

Լամպերի առավելությունը ոչ միայն էլ․էներգիայի խնայողությունն է (80-90%), այլև լաբորատոր փորձաքննությամբ հաստատված բարձր որակական հատկանիշները՝ երկարատևությունը (~30000 ժամ), դիմացկունությունը ծայրահեղ ջերմաստիճաններին, կարծրությունը, տեսողությանն անվնաս անկման անկյունը և էկոլոգիապես մաքուր լինելը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր կազմակերպել և իրականացնել «Երիտասարդների կարողությունների զարգացում» երկու փուլերով՝ աշակերտների ու ուսանողների տեղեկացվածության մակարդակը էներգախնայողության անհրաժեշտության և երկրի էներգետիկ աղքատության կրճատմանը միտված գործողությունների և հնարավորությունների վերաբերյալ։ Առաջին փուլով իրականացվեց «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարք։

Ծրագրին մասնակցել են 9 ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ներառյալ՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, «Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական» հատուկ դպրոց, «Քվանտ» վարժարան, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոն։ Երկրորդ փուլում երիտասարդները ներգրավվեցին բուն լեդաֆիկացման միջոցառման մեջ և իրենց գիտելիքները կփոխանցեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Կամավորների շարքը համալրեցին նաև ծրագրի հավատարիմ աջակից «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները և այլ կամավորներ։

Ե՛վ սահմանամերձ գյուղերի բնակիչները, և՛ կամավորները անգնահատելի փորձ քաղեցին միջոցառումից, գիտելիքների փոխանակման, միահամուռ զարգացման հեռնկարների քննարկման, հասարակական պատասխանատվության ոլորտում։ Ծրագրի ընթացիկ հատվածի դրամաշնորհն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում լեդաֆիկացման արդյունքում ակնկալվում է հետևյալը՝

• 1200 LEDաֆիկացված տնային տնտեսություններ (6000 LED լամպ)
• 590 հազ․ կՎտԺ տարեկան էներգախնայողություն
• 26 մլն ՀՀ դրամ ծախսերի խնայողություն
• 260 տոննա կրճատված CՕ2 տարեկան
• 50-ից ավել շահառուների կարողությունների զարգացում
• 5000-ից ավել շահառուների տեղեկացվածության մակարդակի բարձրացում

«Լուսավոր Սահման» ծրագիրը մեկնարկել է 2016թ․ նոյեմբերին և արձանագրել հետևյալ արդյունքները՝ 27 LEDաֆիկացված սահմանամերձ համայնքներ, ավելի քան 5000 տնային տնտեսություններ, ավելի քան 25 000 տրամադրված LED լամպեր, 120-150 մլն ՀՀ դրամ տարեկան խնայողություն: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում