«Ես նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ արդեն մոտ 7 տարի է չեմ գնացել որսի». Արթուր Վանեցյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Մասնավորապես՝ վերջինս նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի (առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազ, Panthera pardus ciscaucasica/Panthera pardus saxicolor /Panthera pardus transcaucasica) որսի և (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը ներկայումս գործող 3 մլն դրամից՝ դարձնելով 100 մլն դրամ:  

Բնապահպանության նախարարությունը 2019 թ.-ը հայտարարել է կովկասյան ընձառյուծի պահպանության տարի՝ նպատակ ունենալով վեհաժողովների, ֆիլմերի, ցուցահանդեսների կազմակերպման միջոցով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը: Օրինագծերով հնարավորություն է ընձեռնվում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարների մի մասն ուղղորդել համապատասխան տարածքների՝ այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել լավ պահպանությանն ու վերականգնմանը: Փաթեթում ներառված մյուս օրինագծերով նախատեսվել են ավելի խիստ պատիժներ և պատասխանատվություններ՝ անտառային տարածքներում, ինչպես հատումներն արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար: Բացի այդ, նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկել է հանդես գալ 3-5 տարով որսն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի շուրջ քննարկում է ծավալվել կառավարության նիստում:

«Եկեք առհասարակ որսը 3-5 տարով արգելենք ՀՀ-ում, որպեսզի պոպուլյացիան վերականգնվի: Ես նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ արդեն մոտ 7 տարի է չեմ գնացել որսի ու միշտ դրա մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք՝ արգելենք առհասարակ որսը ոչ միայն այս օրենքներով, այլ, օրինակ՝ որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելքով, որովհետև գնում են և անկանոն որս են անում, հատկապես՝ գյուղական վայրերում, անտառների կողքին բնակվող մարդիկ, ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ ու դա վերահսկելը շատ դժվար է»,- ասաց Արթուր Վանեցյանը: 

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է ուշադիր ուսումնասիրենք ոլորտը և բազմակողմանի նայենք խնդրին: Գիտեք՝ այսօր ամբողջ աշխարհում բնապահպանական հարցերն օրակարգի առաջին հորիզոնականներում են, եթե ոչ առաջինը: Հիմա մենք պետք է հասկանանք, որ այս առումով ունենք բացառիկ հարստություն, բայց, ցավոք, այդ բացառիկ հարստության մեծ մասը կամ առնվազն մի հսկա մասը գտնվում է ոչնչացման եզրին: Մենք պետք է կարողանանք մեր բոլորիս վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ փոխել»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է բնապահպանության նախարարին՝ առաջարկը դարձնել մանրակրկիտ քննարկման առարկա և ներկայացնել խնդրի լուծման արդյունավետ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել բնապահպանության նախարարի հետ այն առումով, որ այստեղ մշակութաբանական, և ընդհանրապես, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերին արդեն իսկ արձագանքել են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: WWF բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը գրել է. «Արթուր Վանեցյանը միակ մարդն էր (թեկուզ դա իր գործառույթների մեջ չի մտնում) ամբողջ պետական համակարգում, ով խիզախություն ունեցավ հրապարակային ասի, որ ունենք չկանոնակարգված զանգվածային որս և փաստացի որսագողություն Հայաստանում: Առաջարկը 3-5 տարով որսը արգելելու կարծում եմ դեռ պետք է հնչեր, երբ անցած տարի օգոստոսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը բարձրացրեց խնդիրը և առաջարկեց ԲՆ-ին ժամանակավոր կասեցնել որսի թույլտվությունների տրամադրումը, բայց դա չեղավ: Ճիշտն ասած իմ համար մեկ է, թե ով է բարձրացնում խնդիրը: Այստեղ կարևորը վերջնադրույքն է: Լուրջ բացեր ունենք օրենսդրության հետ կապված, չունենք որսի գործընթացը կանոնակարգող և վերահսկող համակարգ: Գիտեմ, որ այս հարցը առաջացնելու է բազմաթիվ որսորդների դժգոհությունը, լինելու են դիտարկումներ, որ առանց արգելքի էլ կարելի է իրականացնել բարեփոխումներ, բայց հավատացեք մեր բնությունը իրոք կարիք ունի վերականգնվելու...»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում