Գլաձորի ավագանին մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն է տվել

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Ավագանին այս որոշումն ընդունել է 9 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում