Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը կքննարկվի ԱԺ-ում

Օրերս կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագծերի մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նախարարը նշեց, որ բովանդակային առումով համաձայն լինելով կարծում են, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ գաղափարի առումով ընդունելի նախագիծ է, բայց չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որ այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթել, քրեական գործ հարուցվի:

Որոշում ընդունվեց Ազգային ժողովի հետ համատեղ քննարկել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու հարցը: 

Նշենք, որ առկա են որոշ դիտարկումներ, ինչպիսիք են՝ նախագծում անհրաժեշտ է նախատեսել հանցակազմը ծանրացնող հանգամանքներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն առավել բարձր հանրային վտանգավորության բնույթ և աստիճան ունեցող նմանատիպ արարքի համար և այս առումով առաջարկում են ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասում, ի թիվս այլոց, նախատեսել հետևյալ ծանրացնող հանգամանքները.

-հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առանձին դաժանությամբ,

-մանկահասակի ներկայությամբ,

-երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ և այլն:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կառավարության նիստից հետո գրել է. «Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա:

Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով:

Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին» օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:

Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ:

Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:

Եվ, մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ո՛չ, իհարկե, ո՛չ:

Եվ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրսևորումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշտանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրսևորումներով»։

Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա:

Շնորհակալ եմ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ -ին և Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում