«Վալլեքս»-ը հետաձգել է աշխատողների պայմանագրերի լուծման պահը

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. 

««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և ընկերության բոլոր աշխատողներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019 թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝

  • Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ:
  • Աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձև, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության և այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։

Դիտարկվում է նաև վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը: Հայեցակարգային պլանի շուրջ կառավարության և շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել ևս երկու ամսով և աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թ. հունիսի 30-ից լուծելու մասին:

Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում