Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է Բինգոյի բնական մահը

«Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը»,- հայտնում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը: 

Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից, ուր հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր Այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:

Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը օրերս զրուցել է ԲՊՄՄ (IUCN) կենդանաբուժության մասնագիտական խմբի անդամ Ջոնաթան Քրեքնելի հետ, ով ասել է. «Մենք մտածում ենք, որ սա հյուսվածքային կառցինոմա է, որը քաղցկեղի տեսակ է, և այն իրականում հնարավոր չէ հեռացնել մեծ չափերի պատճառով: Այս գոյացությունը հեռացնելու համար մենք պետք է հեռացնենք կենդանու գլխի և դեմքի կեսը, իսկ այն, ինչը կմնա բավարար չի լինի կյանքը շարունակելու համար: Նրա արյան անալիզի պատասխանները ցույց են տվել, որ վագրի երիկամները ևս չեն աշխատում, այսինքն մենք գիտենք, որ կենդանին նաև այլ հիվանդություն ունի: Ամեն դեպքում, ես խորհուրդ կտամ էֆթանազիա իրականացնել: Սա ծայրահեղ վատ, ամենավատ դեպքն է, որը ես տեսել եմ: Սա բուժելի չէ, մենք անգամ չենք կարող այն կամ ցավի աղբյուրը հեռացնել և որոշ ժամանակ շահել: Սա Բինգոյի վերջն է, և ես իսկապես այլ տարբերակներ չեմ տեսնում»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում