Վազաշենում նախատեսվում է իրականացնել հանրային քննարկումների 2-րդ փուլը

Ապրիլի 26-ին նախատեսվում է իրականացնել Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլը: 

Բնապահպանության նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ)»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Տավուշի մարզի Վազաշեն համայնքում նախատեսված հանրային լսումների 1-ին փուլը տեղի չունեցավ: Վազաշեն համայնքի բնակիչները, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածքներից ժամանած քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը հայտնեցին նախատեսվող հանքի շահագործմանն ու դրան նախորդող գործողությունների իրականացմանը:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը` խոսելով հանքավայրի շահագործման հնարավորության մասին, ասել է. «Ես, որպես տավուշեցի, անընդունելի եմ համարում Տավուշի մարզում որևէ հանքի շահագործումը։ Նախ և առաջ՝ հանքարդյունաբերությունը կարող է բերել բնակչության համար համատարած առողջական երբեմն անդառնալի հետևանքների։ Երկրորդ՝ հանքի շահագործումը կվնասի Տավուշի անկրկնելի և չքնաղ բնությանը, որը Տավուշի գլխավոր այցեքարտն է համայն հայության և տուրիստների համար։ Ես որպես տավուշցի անթույլատրելի եմ համարում ցանկացած գործունեություն, որը միտված կլինի Տավուշի էկո համակարգը խարխլելուն»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս անդրադարձել է նշված հարցին. «Այն իրավիճակը, որն այժմ մենք ունենք թույլ է տալիս ինձ համարձակորեն ասելու, որ մեր հնարավորությունները չափազանց մեծ են մեր առջև կանգնած խնդիրները լուծելու: Մենք այսօր մոտավորապես 10-20 անգամ ավելի քիչ բերք ենք ապահովում Տավուշի մարզում, քան թե ապահովել են ԽՍՀՄ տարիներին, այն դեպքում, երբ այս 30 տարվա ընթացքում աշխարհում կատարվել են հսկայական փոփոխություններ, ինովացիաներ գյուղատնտեսության ոլորտում: Մենք հարուստ մարզ և հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունենք»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում