ELARD-ի հետ պայմանագիրն արդեն կնքվել է. քրեական գործով աշխատանքները շուտով կմեկնարկեն

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործով հետազոտություն իրականացնող «ELARD» ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է 2019թ.-ի մարտի 12-ին և շուտով բուն աշխատանքները կմեկնարկեն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ պատասխանելով, թե ո՞ր փուլում է այժմ գտնվում «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության աշխատանքները հարցին:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեին հատկացվել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումար ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փորձաքննության համար: Քրեական գործով նշանակված է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն:

Դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ տեղաբնակների, բնապահպաների և այլ մտահոգ քաղաքացիների կողմից: Բոլորովին վերջերս Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ (TSX:LYD) ընկերությունը տարածեց հայտարարություն, որում ասվում է. «Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները»:

EcoNews.am բնապահպանական-տեղեկատվական կայքը զրուցեց նաև «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ՝ Լևոն Գալստյանի հետ, ով ասաց. «Այդ հայտարարությունը, կառավարության և ընկերության դաշտում է և դրա մասին զգուշացվել է ժամանակին, որ պետք է նախապես ամեն ինչ անել, որովհետև գործը կտարվի այդ ուղղությամբ: Ասվել է դեռ 7-8 ամիս առաջ, երբ ընթացքը նոր էր սկսվել։ Այդ հարցն ամբողջովին կառավարության դաշտում է ու կառավարությունը, եթե հստակ քայլեր իրականացներ, ինձ թվում է գործը սրան՝ այս «շանտաժի ոճով» հայտարարությանը, չէր հասնի։ Այս ընթացքում ընկերությունը երկու՝ նոր դուստր ընկերություն է բացել. 2018թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպեսզի դրանց միջոցով կարողանա դիմել արբիտրաժ: Ես իրավաբանությունից չեմ հասկանում, չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր, երբ թույտվությունները տրվել են մեկ այլ ընկերության, իսկ հիմա արբիտրաժ է ուզում մտնել նոր բացված այլ ընկերությունների անունով, որոնք իբր թե օֆշորային չեն։

Արձագանքելով ընկերության հայտարարությանը Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես կարծում եմ` ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի: Կառավարությունը համապատասխան քայլեր իրականացնում է։ Քայլերն այն են, որ իրավական գործընթացի հետ կապված եթե կարող են լինել ռիսկեր՝ արբիտրաժային գործընթացի գնալու, ապա կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պետք է իրավական համապատասխան ապահովությունը պաշտպանի»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում