«Տանենք թափենք, թե՞ մնան շները». կենդանասերներն ԱԺ-ից օրենք են պահանջում (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության տարբեր համայնքներից կենդանասերներն ահազանգում են թափառող կենդանիների սպանդի մասին: Քաղաքացիները լուսանկարում և համացանց են բեռնում հրազենի միջոցով սպանված կենդանիների:

Տեղի ունեցող սպանդը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում, ինչի հետևանքով կենդանասերներն իրականացնում են ստորագրահավաք՝ պահանջելով Ազգային ժողովից ընդունել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենք, ինչպես նաև խստացնել կենդանիներին վնաս պատճառելու համար նախատեսված պատժամիջոցները: 

Ստորև ցուցադրվող լուսանկարներն արվել են Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում: Ըստ ականատեսների՝ ամբողջ համայնքում նման իրավիճակ է, կենդանիների դիակներ եղել նաև անմիջապես համայնքապետարանի շենքի հարակից տարածքում:

Գեղարքունիքի մարզ, Մադինա համայնք

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի հետ, ով հայտարարեց, թե տեղյակ չէ ինչի մասին է խոսքը: Որոշ ճշտումներ կատարելուց հետո վերջինս հայտնեց. «Մեր համայնքապետարանի աշխատակիցները դժվար տենց բան արած լինեն: Ես հենց նոր տեսա այդ տեղը, 3 հատ շուն ա, բերել են կապել են, թե երեխեքն են արել, չգիտեմ... Հիմա ուզում եմ հարցնեմ՝ տանենք թափենք, թե՞ մնան շները, ինչ-որ խնդիր կա՞»:

Մեր դիտարկմանը, թե հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կենդանիներին վնաս հասցնելն անօրինական գործողություն է և պատժվում է օրենքով, համայնքապետն արձագանքեց. «Երևի կրակել են, կարողա որսորդներ են եղել դաշտ գնացող: Կդիմենք ոստիկանություն»: 

Թափառող կենդանիների վրա կրակելու մասին ահազանգեր են հնչում նաև Աշտարակ համայնքից: Հրապարակվել է շան լուսանակար, որտեղ անհայտ անձը կրակել է կենդանու թաթերին: 

Աշտարակ համայնք

Մենք զրուցեցինք նաև Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Եղիազարյանի հետ, ով նշեց. «Այդ տեղեկատվությունը մեզ էլ է հասել, մեզ էլ է հետաքրքրում, քաղաքապետարանը որպես այդպիսին նման գործառույթ չի իրականացնում, բայց չգիտեմ ինչու մեր ֆեյսբուքյան էջին բոլոր շնապաշտպանները գրում են աշխարհի անեծքները: Սա արդեն երկրորդ դեպքն է, մի քանի ամիս առաջ էլ է նույն բանը կրկնվել: Դե կարող ա, մարդ ա, որսորդ ա խփել ա, որը քաղաքապետարանի հետ կապ չունի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք այդ գործառույթի, այդ իրավիճակի հետ բացարձակ կապ չունենք և մեզ էլ է հետաքրքրում, եթե որս է գնում, ով՞ է արել:

Վերջինս հայտնեց նաև, որ համայնքապետարանը ոստիկանություն չի դիմել: «Աշտարակի քաղաքապետարանը շների որսի, շների կրակելու հետ բացարձակ կապ չունի և մենք էլ ենք շահագրգիռ, եթե դա կրակոց է եղել, ապա համապատասխան ընթացակարգերով մեր քաղաքացիները և շների պաշտպանները թող գործընթացը ձեռնարկեն ու պարզեն, գտնեն մեղավորին: Նախորդ անգամ էլ նման գործընթաց սկսեց շնապաշտպանների կողմից, բայց այդպես էլ մենք պատասխանը չիմացանք ով էր, ինչ էր և էլի մեղադրվում էինք մենք»,- մանրամասնեց նա:

Երևան, ՀԱԹ

Երևանում ևս շան վրա կրակելու դեպք է արձանագրվել: Լուսանկարում ՀԱԹ-ում մանկապարտեզի բակում կենդանասերի կողմից խնամվող հաշմանդամ՝ երեք ոտքով շուն է, որին կրակել են և սպանել: Խնամող կենդանասերը մեզ հետ զրույցում հայտնեց. «Կանչեցի ոստիկանություն, բայց ցավոք դեպքից 2 օր էր անցել, ու չնայած նյութեր են պատրաստվում ու պահանջել եմ փորձաքննություն անցկացնեն, բայց ոնց հասկանում եմ իրենք էլ այդպես ոգևորված չէին գործի հանգամանքները պարզելու, միայն եթե ես ստիպված չլինեի վիճաբանել... ինչևէ, այդ շանը ես խնամում էի փոքրուց, ինքը տարածքից 1000-ից մեկ էր դուրս գալիս, ու շատ մարդամոտ էր, երեխաներին սիրում էր, երբեք որևէ մեկին չի կծել, 3 ոտքի պատմությունն էլ 2 տարի առաջ կորեց մի 5 օրով, հետո եկավ ոտքը կոտրված, ու գանգրենա էր սկսվում, վիրահատեցի, լավացավ: Իսկ այդ կրակոցի ժամանակ ինքը եղել է իր փակ տարածքում, որտեղ բացի ինձնից ու պահակից ուրիշ ոչ-ոք չի կարող մտնել»: 

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածը սահմանում է.

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասաց նա:

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Այս խնդրի մասին խոսում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում