«Բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը». Էջմիածնում շների ստերջացման ծրագիր է իրականացվում

Տարիներ շարունակ ՀՀ-ում թափառող շների խնդիրը փորձել են լուծել սպանդի միջոցով, սակայն այժմ ՀՀ տարբեր համայնքներում սեփական նախաձեռնությամբ և կամավորների աջակցությամբ իրականացվում է շների ստերջացման ծրագիր, որը ոչ միայն կենդանիներին չի զրկում ապրելու իրավունքից, այլև բարելավում է նրանց կեցությունը։

Ինչպես հայտնել ենք, փետրվար ամսին Աբովյան քաղաքում մեկնարկել է շների ստերջացման ծրագիր, որը դեռ շարունակվում է: Ստերջացված շներն այժմ չունեն առողջական խնդիրներ և գտնվում են լավ վիճակում, իսկ շներից մի քանիսը՝ որդեգրվել են։ Ծրագիրն այժմ շարունակվում է Էջմիածին քաղաքում, որի նախաձեռնողը Էջմիածնի քաղաքապետարանն է եղել:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց ծրագրի իրակացման գործում ամենամեծ կամավորական ներդրումն ունեցած «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի հետ, ով ներկայացրեց ծրագրի մանրամասները․ «Քաղաքապետի փոխվելուց հետո առաջարկ ստացանք հանդիպելու, որովհետև մինչ այդ սպանդի միջոցով էին փորձում խնդիրը լուծել, իհարկե այդպիսով խնդիրը չէր լուծվում։ Մեկ ամիս առաջ հանդիպեցինք Էջմիածնի քաղաքապետի հետ՝ քննարկեցինք, որ մասսայական ստերջացումը շների գլխաքանակի նվազեցման և առհասարակ շների ագրեսիան նվազեցնելու համար լավագույն տարբերակն է։

Գոհար Մանուշակյան, «Դնգո թիմ» ՀԿ համակարգող

Պայմանագիրը կնքվել է «Օսկար վետ» կենդանաբուժական կլինիկայի հետ, իսկ «Դինգո թիմ»-ը մասնակցում է կենդանիներին բռնելու, տեղափոխելու և հաշվարկի գործընթացին։ Շները 3-4 օր մնում են մեզ մոտ՝ վերակենդամնացման բաժանմունքում։ Այս նախադեպերը ոգևորել են նաև այլ համայնքների և ստերջացման ծրագիրն իրականացնելու առաջարկներ կան նաև մի շարք այլ քաղաքներում։ Հրավեր ենք ստացել՝ Հովտաշատ գյուղից, ցանկություն կա՝ Նոր Հաճնում, Մասիս քաղաքում, Բյուրեղավանում և այլն»,- ասաց Գոհար Մանուշակյանը։

Վերջինս հայտնեց, որ Էջմիածին քաղաքում այժմ ստերջացվել է մոտ քառասուն շուն, սակայն ծրագրի ավարտին կենդանիների թիվը կհասնի 100-ի։ Կենդանաբույժ Լևոն Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ վիրահատությական ընթացքն անվտանգ է, կենդանիները մի քանի օր մնում են կլինիկայում, այնուհետև տեղափոխվում են իրենց բնակավայրեր, որտեղ խնամակալները հետևում են շների առողջական վիճակին, իսկ որևէ խնդրի դեպքում՝ շներն անմիջապես տեղափոխվում են կենդանաբուժական կլինիկա։ Ստերջացված շներին հեշտությամբ կարելի է տարբերել ականջին ամրացված դեղին տարբերանշաններով։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում խոսեց ստերջացման եղանակին նախապատվությունը տալու պատճառների մասին․ «Մենք գերադասում են միջազգային լավագույն փորձը և բացառում ենք կենդանիների նկատմամբ բռնությունը։ Սպանդն առաջին հայացքից ավելի մատչելի և արագ մեթոդ է, բայց հեռահար իմաստով ավելի թանկարժեք և ոչ արդյունավետ, որովհետև բնությունը ինքնակարգավորվում է և ավելի մեծ թափով է բազմանում։ Ստերջացումից հետո նրանք այլևս ոհմակներով չեն շրջում, չեն հարձակվում մարդկանց վրա, նաև պաշտպանում են ու հսկում տարածքը՝ այլ շների ներթափանցումից։

Հարցին, թե ինչպե՞ս են Էջմիածնի քաղաքացիներն արձագանքում թափառող շների ստերջացման ծրագրին և ինչպե՞ս են հետագայում վերաբերվում շներին, պատասխանեց․ «Շների ստերջացման վերաբերյալ քաղաքացիների կարծիքն ավելի շատ դրական է, իհարկե կան մարդիկ, ովքեր ասում են, թե միևնույն է շունը մնում է նույն տեղում, իսկ հիմնական դժգոհությունն այն է, որ շներն աղբը տարածում են։ Հիմնական մասը գիտակցում և կարևում է այս ծրագիրը, որովհետև եթե շունը չի հարձակվում, ապա բնակիչները ժամանակի ընթացքում սիրում են, կերակրում և խնամում են։ Երբ մարդիկ տեսնում են, որ շները խնամված են՝ արդեն թափառող շան կերպարը վերածվում է խնամված շան կերպարի և այստեղ հոգեբանական մակարդակով վստահություն է ներշնչում»։

Հանդիպում Էջմիածնի քաղաքապետարանում:

Մեր հարցին՝ նախատեսվում է արդյո՞ք նմանօրիանակ կամ հասարակության էկո-կրթության բարձրացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնել Էջմիածնում, քաղաքապետը պատասխանեց, որ ապագայում նախատեսում են աղբի տեսակավորման հետ կապված ծրագրեր, որի շրջանակներում նախակրթարաններում և դպրոցներում կկազմակերպվեն ուսուցումներ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում