Հարուստ մարզ և հարուստ տավուշեցի ունենալու համար հանքի կարիք չունենք. Հայկ Չոբանյան
«Այն իրավիճակը, որն այժմ մենք ունենք թույլ է տալիս ինձ համարձակորեն ասելու, որ մեր հնարավորությունները չափազանց մեծ են մեր առջև կանգնած խնդիրները լուծելու: Մենք այսօր մոտավորապես 10-20 անգամ ավելի քիչ բերք ենք ապահովում Տավուշի մարզում, քան թե ապահովել են ԽՍՀՄ տարիներին, այն դեպքում, երբ այս 30 տարվա ընթացքում աշխարհում կատարվել են հսկայական փոփոխություններ, ինովացիաներ գյուղատնտեսության ոլորտում: Մենք հարուստ մարզ և հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունենք»,- Լրատվական ռադիոյի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Վազաշեն համայնքում նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքներին:
Ըստ Հայկ Չոբանյանի խնդիրն ուռճացված էր սխալ տեղեկատվության տարածման հետևանքով. «Շատ կարևոր է, որ մեր մոտեցումը տարբեր խնդիրների լուծմանը լինի հնարավորինս արդյունավետ: Ինչ-որ արկածախնդրության արդյունքում, ուռճացրած տեղեկատվության, կարելի է ասել ապատեղեկատվության, որովհետև խոսքը վերաբերվել է ոչ թե հանքավայր ստեղծելու մասին, այլ ինչ-որ կազմակերպության կողմից հանքավայրի ուսումնասիրության մասին, որի համար ընդամենը պետք է տրվեր եզրակացություն, իսկ ընթացակարգերից հետո նոր տրվեր համապատասխան թույլտվություն ընդամենը հանքավայրն ուսումնասիրելու: Եվ դրանից ծագեց աժիոտաժ»:
Մարզպետը նշեց, որ այստեղ շատ սխալ վարքագիծ է ցուցաբերել համայնքը և մասնավորապես՝ համայնքապետարանը. «ՇՄԱԳ օրենքով համայնքապետարանի վրա բավականին մեծ լիազորություն կա դրված, մեր օրենսդրությունը բավականին լիբերալ է այս առումով և շատ փոքր համայնքն անգամ կարող է կասեցնել շատ մեծ ներդրումային ծրագիր: Օրինակ՝ 50 հոգանոց համայնքը կարող է կասեցնել 50 մլրդ արժողությամբ հանքարդյունաբերական ծրագիր, քանի որ առաջին ֆիլտրը համայնք է, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում. համայնքը կարող է ընդունել, իսկ դրանից հետո բնապահպանության նախարարությունը պետք է համապատասխան երաշխավորություն տա այդ խնդրի վերաբերյալ, իսկ տվյալ դեպքում մեծ դերակատարություն ունեցավ հատկապես հենց անտառային գոտին և ակնհայտ էր մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, որ այդտեղ չէր կարող արդյունահանվել և ենթադրում եմ, որ այդ պատասխանը պետք է լինի բացասական»: