Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերևույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության կողմից 2016-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը, նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է որպես աշխատավարձ ելքագրված առանձնապես խոշոր չափի գումար:

Միաժամանակ պարզվել է, որ 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու հարցը կազմակերպելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

04.03.2019թ. առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում