Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել (ֆոտո)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Լուսանկարում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

«Այս առանձնյակն ամենայն հավանականությամբ 6+ տարեկան է: Տեսակը ներառված է նաև CITES կոնվենցիայի Appendix II-ում և Բեռնի կոնվենցիայի Appendix II-ում: Հայաստանում հաշվվում է սպիտակագլուխ անգղերի 46-54 զույգ: Ապօրինի որսի համար սահմանված է նաև տուգանք՝ 250 հազ. դրամ»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը/ հետ զրույցում ասաց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը:

Վերջինս նաև ուշադրություն հրավիրեց մեքենայի դիմապակու կոտրված լինելու հանգամանքի վրա: «Դա կարող է լինել ուժեղ հարվածից, օրինակ՝ վերևից ընկնող 6 կգ քաշով թռչնի, ինչը կարող էր տեղի ունենալ կրակոցի հետևանքով կամ միգուցե էլեկտրալարերի մեջ փաթաթվելու պատճառով, եթե իհարկե լարեր կան այդ տարածքում: Տարբերակ է նաև, որ թռչունը փորձել է թռչել ճանապարհի եզրից, որտեղ միգուցե սնվում էր, իսկ վարորդը նրան հարվածել է մեքենայով»,- մանրամասնեց նա:

Հայաստանում սպիտակագլուխ անգղերը հանդիպում են համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից: Ըստ Կարմիր գրքի տվյալների՝ սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Ուշագրավ են նաև լուսանկարում երևացող մեքենայի պետհամարանիշերը: Ուսումնասիրելով Սմբատ Հայրումյանի բաց համացանցային տվյալները պարզ է դառնում, որ գոյություն ունի նման պետհամարանիշերով մեքենաների մի ամբողջ «կլան»:

«Ավտոմեքենաների կլանի» հետ առավել շատ լուսանկարներ ունեցող, կրկին Կապանի բնակիչ Սամվել Հարությունյանը կամ ինչպես ինքն է իրեն անվանում «Չեչեն Սամոն», հավանաբար որսորդ է: Վերջինս ևս ուշագրավ լուսանկարներ է հրապարակել:

Նշենք, որ Կարմիր գրքում սահմանվում է նաև սպիտակագլուխ անգղի պահպանության միջոցառումները. «Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ»:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում