Ի՞նչ է սպասվում մարդկանց կողմից խաղալիքի վերածված արջերին (տեսանյութ)

Երբ սեպտեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քարվաճառի ճանապարհին հանդիպեց և «գուրգուրեց» արջի 2 քոթոթի, իսկ նրա օգնական Նաիրի Սարգսյանը տեսանկարահանեց պահը և տեղադրեց այն սոցիալական էջում, որպես «դրական և զվարճալի» երևույթ, հավանաբար շատերը չէին գիտակցում, որ այդ նույն քոթոթների ապագան անորոշ է:

Այս միջադեպին չարձագանքեց ոչ մի պետական մարմին, այդ թվում՝ 2 պետությունների բնապահպանության նախարարությունները, անհանգստություն հայտնեցին միայն հանրային ոլորտի ներկայացուցիչներ, որոշ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անդրադարձ կատարեց՝ պատրաստելով տեղեկատվական հոդված, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ վայրի կենդանիների նման վարքագիծը: Ինչևէ, պետական մակարդակով անուշադրության մատնված խնդիրն ինքն է իր մասին հիշեցնում:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի աղբյուրները հայտնում են, որ այժմ արդեն գրեթե մեկ տարեկան արջերի ճակատագիրը սկսել է անհագստացնել անգամ բարձրաստիճան զինծառայողներին: Հավանաբար 2018թ.-ի ձմռանը ծնված արջերին տարածքից հեռացնելու համար տեղի զորամասի ղեկավարությունը պատրաստվում է կամ դիմել է պետական մարմիններին:

Ստեղծված իրավիճակում, չի բացառվում, որ կենդանիները դառնան որսի կամ վախի զոհ, կամ էլ հայտնվեն ինչ-որ վանդակում, որտեղ կանցկացնեն կյանքի մնացյալ տարիները:

Մեր տեղեկությունների համաձայն՝ արջերի մորը սպանել են, իսկ քոթոթները հայտնվել են Յանշագ կոչվող բնակավայրի տարածքում ու «խնամվել, վարժեցվել, խաղալիք են դարձել» ստորև ներկայացված լուսանկարների հերոսների համար: Արջերը սնունդ ստացել են հիմնականում մարդկանցից և հետևաբար մարդը կենդանու համար դարձել է սովորական երևույթ, որին կարելի մոտ գնալ: Նույն աղբյուրի համաձայն, կենդանիները ապրում են անտառում, սակայն, երբ սով են զգում մոտենում են թե՛ բնակավայրերին, թե՛ զորամասին: Քանի որ կենդանիների սնվելու խնդիրը վաղ հասակում չի հոգացել մայրը, կենդանիները չեն մասնակցել որսի գործընթացին և նրանք մշտապես գտնվել են մարդկանց շրջապատում, այժմ նաև կասկածելի է նրանց ինքնուրույն սնվելու և որս անելու ունակության առկայությունը: Նման դեպքերի մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են մասնագետները, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, սակայն խնդիրը պետական մակարդակով անուշադրության է մատնված, իսկ հասարակության շրջանում բացակայում է գիտելիքների անհրաժեշտ պաշարը, որը թույլ կտա զերծ մնալ կենդանիների նկատմամբ անպատասխանատու վերաբերմուք ցուցաբերելուց:

«Վտանգավոր չեն, ուղղակի մարդիկ այլևս չպետք է շփվեն արջերի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց WWF հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը՝ շարունակելով. «Նման երևույթներ ընդհանրապես չպետք է լինեն, բայց դե, եթե արդեն եղել է, ուրեմն տարբերակներ է պետք մտածել: Վատ բան են սովորեցրել կենդանիներին: Արջերին պետք է քիչ-քիչ սովորեցնել մարդկանցից հեռու ապրել: Կարելի է նրանց առանձնացնել ինչ-որ ազատավանդակում, առանց մարդու հետ շփման, սովորեցնել ինքնուրույն կյանքին, այնուհետև բաց թողնել բնություն: Հենց Արցախում էլ կարելի է բաց թողնել, բայց քանի որ արջերը սովոր են այդ տարածքին, նրանց պետք է հեռու տեղափոխել այդ տեղանքից, իսկ եթե հնարավոր լինի մոտ կես տարի նրանց պահել մեծ ազատավանդակում, որտեղ նրանք կընտելանան նոր կարգավիճակին, հետո բաց թողնել, դա վաելի լավ տարբերակ է: Պետք է կենդանիներին տեղափոխել այնպիսի տարածք, որտեղ 20-30 կմ շառավղով մարդ ու բնակավայր չի լինի ու բաց թողնել: Լավ կլիներ, իհարկե, կարողանային ռադիո վզկապերի միջոցով հետևել, բայց դա դժվար է»: 

Կարեն Մանվելյանը նշեց՝ այսպես թե այնպես նրանք «խելոք» կենդանիներ են, մարդկանց չեն վնասի: Մարդիկ պետք է այլևս նրանց չկերակրեն, աղբ էլ չլինի տարածքում, որովհետև աղբի վրա էլ են գալիս: Վերջինս ընդգծեց նաև, որ արջերին բնություն կարելի վերադարձնել աշնանը, որպեսզի կերի խնդիր չունենան:

«Արջերը գայլից մի փոքր խոշոր լինեն, որպեսզի գայլերը չկարողանան նրանց վնասել, մոտ 1.5 տարեկան հասակում կարող են բաց թողնել այնպիսի տարածքում, որտեղ մարդ չլինի: Բայց դա ոչ թե հիմա, այլ աշնանը, որպեսզի կեր լինի, սնվելու հնարավորություն ունենան»,- մանրամասնեց նա:

Այսպիսով, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական մակարդակով ռազմավարության բացակայության, տեղեկացվածության ցածր մակարդակի և չիմացության հետևանքով այսօր անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել առաջին հերթին երկու արջերի համար:

Նշենք նաև, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում