Մեղրիի ջրահավաք ավազանն ազդեցություն չի կրի. ԲՆ պատասխանը մեղրեցիներին

Ինչպես հայտնել ենք, Մեղրի համայնքի բնակիչները նամակ են հղել, որով առաջարկում են ուժը կորցրած ճանաչել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Լիճքի պղնձի հանքավայրի ծրագրին 2015թ.-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը՝ առանձնացնելով տարբեր հանգամանքներ: ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է նամակին: Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Մեղրի գետը և Զվարագետը գտնվում են հանքից զգալի հեռավորության վրա, համապատասխանաբար 180 և 220 մ: Նախագծում նախատեսված ջրապաշտպան միջոցառումների արդյունքում ազդեցությունները թույլատրելի նորմերի սահմաններում են:

Մեղրի համայնքի խմելու ջրահավաք ավազանը գտնվում է հանքից վերև, իսկ հանքի մոտակայքով ջրագիծն անցնում է խողովակաշարով, ուստի հանքավայրի շահագործման արդյունքում չի կարող ազդեցություն կրել:

Ջրերի վրա ազդեցությունների նվազեցմանն ու բացառմանն ուղղված միջոցառումները ներկայացված են ՇՄԱԳ հաշվետվությունում (Էջ 59, 60, 62, 77):

Նախատեսվող գործունեության հարևանությամբ գտնվում է «Արևիկ» ազգային պարկը, որի մոտակա սահմանը բացահանքից գտնվում է 780 մ հեռավորության վրա (ՇՄԱԳ հաշվետվության էջ 23): Համաձայն նախագծային փաստաթղթերի՝ հատված ծառերը նախատեսվում է վերականգնել համայնքի կողմից տրամադրված տարածքում՝ կրկնակի ծավալով, և իրականացնել դրանց խնամքն առնվազն 2 տարի:

Համաձայն 245-71 սանիտարական նորմերի՝ Լիճքի հանքավայրի համար ՍՊԳ-ն կկազմի 300 մ։ Մոտակա բնակելի տարածքը` Լիճք գյուղի բնակելի տները գտնվում են ավելի քան 300 մ հեռավորության վրա (4.2.1 էջ 59):

Հաշվի առնելով, որ բացահանքի հյուսիսային սահմանագծի և Լիճք գյուղի մոտակա շինությունների միջև եղած հեռավորությունը կազմում է մոտ 300մ և համաձայն նախագծային լուծումների բացահանքում իրականցվելիք պայթեցումների հետևանքով առաջացող սեյսմիկ և օդի հարվածային ալիքները վտանգ չեն ներկայացնում գյուղի համար, քանի որ «Լիճք բացահանքում մասսայական պայթեցումների ժամանակ առաջացող սեյսմիկ և օդի հարվածային ալիքների ազդեցության տեսակետից անվտանգ հեռավորությունները կազմում են 70 և210մ» (Գիրք 1 Աշխատանքային նախագծի 3.7 բաժնի էջ 25-ում):

Պայթեցումները Լիճք գյուղի բնակիչների համար վտանգավոր լինել չեն կարող, քանի որ լեռնային աշխատանքների խորացմանը զուգընթաց բնակավայրի և պայթեցման տեղամասերի միջև կձևավորվի բնական պատնեշ: Մանրամասն տեղեկատվությունը ցնցումների, աղմուկի վերաբերյալ ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվության 39. 40, 70, 89 էջերում:

Ինչ վերաբերում է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 21.12.2015թ. տրված ԲՓ-96 փորձաքննական եզրակացությունում ամրագրված փորձաքննական պահանջի խախտմանը, տեղեկացնում եմ, որ բնապահպանության նախարարությունը համապատասխան հարցմամբ դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Պատասխան ստանալուց հետո, կձեռնարկվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում