70.000 եվրո փոխհատուցում՝ Թեղուտի հանքի պատճառով վնաս կրած գյուղացիներին

Փետրվարի 14-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության և այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության և պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու գործերով։ Այս մասին գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Մասնավորապես նա հայտնում է. «Սրանք հողատարածքներ էին, որոնք այս տարածքի գյուղացիների ապրուստի աղբյուրն են եղել, ինչպես և արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Վերիջինիս կողմից օգտագործված երկարաշունչ իրավավաբանական բովանդակության նախադասություններից խուսափելով, այս վճիռների հակիրճ էությունը կարելի է նկարագրել այսպես․

Հայաստանի Հանրապետության ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով և հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը։ Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար և անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում։

Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը։ Բայց, այդ տարբերությունը նկատել են հայաստանյան կոնտեքստից հեռու 3 միջազգային դատավոր, մինչդեռ հայաստանյան դատարանների ջայլամաբարո կեցվածքի բերումով այս՝ սենյակի մեջտեղում մեծ փղին չեն նկատել հայաստանյան դատավորները։

Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70․000 եվրո գումար։ Սա, իհարկե, այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, սակայն այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրական հնարավորություն են։

Գյուղացիներին պատճառված վնասը հատուցելու է Կառավարությունը, բայց ես վստահ չեմ, որ այս տեսակի գործերով պետությունն այլևս կարող է իրեն թույլ տալ առաջին հերթին քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, ապա նաև՝ պետական բյուջեին հասցված վնասի վրա աչք փակելու շռայլությունը։ Այս ամենաթողությունը պետք է լուծում ունենա։

Այս գյուղացիները միայն փոքրաթիվ մասն են հազարավոր այլ՝ նման անիրավություններից տուժած քաղաքացիներից։ Նրանք, ընդամենն ի վիճակի են եղել իրենց պատճառած վնասի մասնավոր հատուցման հասնել Կարեն Թումանյանի նման իրավական խորհրդական ունենալով։ Շնորհավորում եմ և պրն Թումանյանին և իր վստահորդներին Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում այս կարևոագույն հաղթանակի համար։

Այս տեսակի գործերը՝ քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործերի խումբն անխուսափելիորեն պետք է մտնի անցումային արդարադատության տիրույթ։ Ինչպես և այսպիսի իրավիճակներին հանգեցրած պաշտոնյաների վարքի իրավական գնահատականը»,- գրել է Վահե Գրիգորյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում