Շանը սպանել են, վիզը կապել պարանով, իսկ մարմինը՝ դեն նետել (ֆոտո)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր: 

Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և ագրեսիայի դրսևորումները շարունակվում են: Օրերս նման դեպք է արձնագրվել Երևանի կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկի ցանկապատի մոտակայքում, որտեղ շան դիակ է հայտնաբերվել: Կենդանին, հավանաբար, մարդու կողմից դրսևորված դաժան վերաբերմունքի զոհ է դարձել, այնուհետև տեղափոխվել է նշված տարածք: 

Արձագանքելով համացանց բեռնված տեսանյութին՝ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնաբերել են կենդանու դին՝ չկարողանալով օգնություն ցուցաբերել շանը: 

«Քանի որ տեղեկություն կար, որ կենդանաբանական այգու տարածքում շան դիակ կա, որի վրա հավանաբար կրակել են, մենք մոտեցանք այդ տարածքին՝ տեսնելու համար կենդանու դին: Նախ, դին գտնվում էր այգու տարածքից դուրս՝ հարակից տարածքում ու մարմնի վրա հրազենի հետքեր չեն հայտնաբերվել: Կենդանու դին թողնված էր ցանկապատից դուրս, վիզը փաթաթված էր պարանով: Կենդանին արդեն 2-3 օր է սատկած էր, ընդ որում՝ հավանաբար, կենդանու դին բերել և թողել են այդ տարածքում»,- մեզ հետ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրույցում մանրամասնեց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Մեր ճշգրտող հարցին, թե միգուցե կենդանուն խեղդել են, կենդանաբույժը պատասխանեց. «Սովորաբար, երբ կենդանին խեղդված է լինում պարանի միջոցով, մնում են բացվածքներ, վնասվածքներ, սակայն այս դեպքում նման վնասվածքներ չհայտնաբերեցինք: Որովայնի հատվածում առկա էին վնասվածքներ բութ հարվածներից, արգանդից էլ արյունահոսություն էր նկատվում: Դժվար է ասել, թե վիզն ինչ նպատակով էին պարանով փաթաթել, բայց նման պարաններն օգտագործվում են կենդանիներին բռնելու ժամանակ»:

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ խոսելով կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին նշեց, որ այն մարդիկ, ովքեր տանջում են կենդանիներին, առհասարակ նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»:

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սահմանող և դաժանության դրսորումները կանոնակարգող օրենքի անհրաժեշտության մասին կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն դաշտը շարունակում է անվերահսկելի մնալ: 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում