Վայրի բնություն բաց թողնված հովազը որսագողերի զոհ է դարձել (ֆոտո)

2016թ.-ին Կովկասյան արգելավայրի տարածքում բաց թողնված Կիլի անունով հովազն Աբխազիայում հայտնվել է որսագողերի կողմից տեղադրված թակարդի մեջ, այնուհետև, նախնական տեղեկատվության համաձայն, սպանվել է տեղի որսորդների կողմից, ինչից հետո կենդանուն մորթազերծ են արել:

Ինչպես տեղեկանում ենք WWF-Ռուսաստանի կայքէջից, դեպքը տեղի է ունեցել Աբխազիայի Գուլիպպսկի շրջանում, Աժարա բնակավայրից 6 կմ հեռավորության վրա գտնվող կիրճում: Մարդկանց խոսքերով, ովքեր հայտնաբերել են կենդանու դին, հովազը թակարդի մեջ է ընկել դեռ հունվարի 27-ին: Հայտնաբերելու պահին ճզմված թաթը գրեթե մեռած էր. դուրս պրծնելու փորձեր կատարելու ընթացքում կենդանին գրեթե կրծոտելով պոկել էր այն, սակայն դեռ ողջ էր մնացել: Տեղի բնակիչները հովազին անկենդան համարելով փորձել են նրան արձակել, սակայն վիրավոր գիշատիչը սկսել է պաշտպանվել: Արգելավայրի աշխատակիցների խոսքերով, կենդանուն հայտնաբերած որսորդները համապատասխան մարմիններին հայտնելու փոխարեն պարզապես կրակել են անշարժացած կենդանու վրա: Հայտնի է նաև, որ կենդանուն մորթազերծ են արել, իսկ մնացորդները թողել են դեպքի վայրում:

Համեմատելով սպանված կենդանու բծերը՝ փորձագետները եկել են եզրակացության, որ սպանվածը Կիլին է: Վերջինս վայրի բնություն է բաց թողնվել 2016թ.-ի հուլիս ամսին՝ Կովկասում առաջավորասիական (պարսկական/կովկասյան հովազ/Panthera pardus ciscaucasica) հովազի վերականգնման (վերաարտադրության) պետական ծրագրի շրջանակներում:  

Աղբյուրը հայտնում է նաև, որ բոլոր պետություններում գտնվող առաջավորասիական հովազները գտնվում է պահպանության ներքո և կենդանու որսը համարվում է ապօրինի: Այսօրվա դրությամբ ռուսական Կովկասի վայրի բնության մեջ կա առաջավորասիական հովազի 4 առանձնյակ, որոնք նույնպես ընդգրկված են հովազի վերականգնման ծրագրում: 

Հիշեցնենք, որ Հայաստանում դրական արդյունքներ են գրանցվում նույն տեսակի պահպանման ծրագրերում: Այս տարվա հունվար ամսին Վայոց ձորի մարզում տեսախցիկները ֆիքսել են առաջավորասիական հովազի (պարսկական/կովկասյան հովազ/Panthera pardus ciscaucasica) երիտասարդ արու առանձնյակի, որն արդեն 2-րդն է ՀՀ տարածքում ֆիքսված: Հովազը նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որը պահպանվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում