Գորիսի համայնքապետարանը հայտարարում է սպասվող «ապօրինության» մասին

ՀՀ տարածքում շարունակվում է թափառող կենդանիների անօրինական սպանդը: Այսօր՝ փետրվարի 7-ին, Գորիսի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է. «Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Խնձորեսկ բնակավայրի բնակիչների կողմից ներկայացված թափառող կենդանիների վերաբերյալ դիմում-բողոքներին ընթացք է տրվել։ Բնակավայրում այսօր կիրականացվեն թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ։ Բնակչության անվտանգությունից ելնելով` այդ աշխատանքները կատարվելու են երեկոյան` ժամը 23-ից հետո։ Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել և զերծ մնալ նշված ժամերին ընտանի կենդանիներին դրսում թողնելուց»: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց Գորիսի համայնքապետարանի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտակ Առուշանյանի հետ՝ հարց ուղղելով վերոնշյալ «վնասազերծման» աշխատանքների մասին: Վերջինս ասաց. «Շների չէ, մեր մոտ անտառները շատ են, քաղաքի վերևից գայլ, շակալները, բորենիները շատ են, չգիտեմ դրանց ոնց եք ասում... մենք հիմնականում աշխատում ենք դրանց վրա, շները մեզ մոտ շատ չեն: Գյուղերից բողոքներ ունենք, որ գայլ-մայլ են տեսել, մենք հայտարարություն ենք տվել, որ շներին իրանք հավաքեն, գյուղերում բաց թողած շներ կան էլի, էդ հայտարարությունը դրա համար ա, որը կապելու ա, կապեն, որը փակեն, գիշերը գյուղերի մոտակայքում պտի գայլերի, շակալների դեմ պայքարենք»,- նշեց նա: Մեր հարցադրմանը, թե «վնասազերծումն» իրականացվելու է արդյո՞ք որսորդների միջոցով, Ա. Առուշանյանը նշեց. «Հա՛, որսորդ, ոստիկանության աշխատակից, իրանց հետ ու համայնքի ներկայացուցիչն էլ անպայման լինելու է, որ շուն-մուն չվնասազերծվեն»:

Մեր հարցադրմանը, թե արյո՞ք նա տեղյակ է, որ բնակավայրի տարածքում հրազենի կիրառումն ապօրինի է, վերջինս պատասխանեց. «Բնակավայրում չէ, հարակից տարածքում, էդ բնակավայրի շները կարող են հարակից տարածքներում թափառեն, դրա համար զգուշացնում ենք, որ իրանց շների պահեն, որ մենք հարակից տարածքներում գայլերը նեղություն են տալիս, մարդկանց անասուններին ուտում են, նենց էլ չի, որ ամեն օր գայլ կամ շակալ են որսում: Գայլը միշտ էլ հարձակվում ա, հո չի վերացել էս երկրից»:

Իսկ այն մասին, թե վերջին անգամ ե՞րբ է գրանցվել գայլի հարձակում գյուղատնտեսական կենդանիների վրա, Արտակ Առուշանյանը տեղեկություններ չուներ և միայն նշեց. «Հա, բա ո՞նց չէ, երևի եղել ա, որ ժողովուրդը բողոքում են»: 

Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածը սահմանում է: Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով.

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի համաձայն, որսորդական միությունների անդամների համար թափառող կենդանիներ կրակելու թույլտվություն չի սահմանվում

Նույն հրամանի համաձայն. «2018-2019 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս»:

Գորիսի համայնքապետարանի կողմից արված հայտարարությունը նախանշում է սպասվելիք ապօրինի գործողության կատարում, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Սյունիքի մարզպետարանի ուշադրությունը, ինչպես նաև հորդորում է Գորիս համայնքի բոլոր մտահոգ բնակիչներին լինել զգոն և աչալուրջ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ՀՀ ոստիկանություն: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում