«Նրա թևը դաժանաբար կտրել են». կենդանասերները կրկին ահազանգում են (ֆոտո)

«Ցավով նորից ականատեսն ենք դառնում մարդկային անսահման դաժանության: Երբ այս շան մասին առաջին տեսանյութը հայտնվեց, հույս էինք փայփայում, որ բնածին արատ է, քանի որ վերքը չէր երևում: Բայց, ցավոք, պարզվեց, որ նրա թևը կտրել են դաժանաբար: Եվ նա այդպես բաց վերքով շրջում էր փողոցում, մինչև Սաթենիկը նրան պատահեց ու անմիջապես կլինիկա հասցրեց»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Դինգո թիմը»:

Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասաց նա:

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Այս խնդրի մասին խոսում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում