«Արդյո՞ք ինքը գոհ էր». Էրիկ Գրիգորյանը՝ Արթուր Գրիգորյանի ազատման մասին

«Ի՞նչ է նշանակում ձեռնտու չէր, հստակ ասեք...»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքել է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի տվյալ պաշտոնում գտնվելը «ձեռնտու» չլինելու մասին լրագրողի հարցադրմանը: Նախարարը նաև մանրամասնել է. «Տեսչական մարմնի ղեկավարը կարծում եմ, որ պատասխանում է լրատվամիջոցների հարցերին և քանի որ կառավարությունը պարզաբանում տվել է արդեն, նաև գիտեք, որ տեսչությունն իրավաբանորեն մեզ հետ որևէ առընչություն չունի, ապա խորհուրդ կտամ տեսչական մարմնի ղեկավարից դուք ինքներդ փորձեք ճշտեք իր աշխատանքի հետ կապված արդյո՞ք ինքը գոհ էր, արդյո՞ք ինքը տեսչական մարմնի աշխատանքներով կամ աշխատանքային պլանով նախատեսված գործողություններ իրականացրել է և ինքը, կարծում եմ, մանրամասն ձեզ կներկայացնի»:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲԸՏՄ ղեկավարաի պաշտոնից ազատվեց Արթուր Գրիգորյանը: Ազատման որոշում ընդունելու պատճառների և հիմքերի մասին հստակ ու մանրամասն պարզաբանում վարչապետի աշխատակազմն այդպես էլ չներկայացրեց: Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է միայն. « ...տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Այն հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է վարչապետը»:

Բնապահպանների անհանգստության մասին լրագրողի հարցադրմանը , թե Արթուր Գրիգորյանի նման կադրի բացակայությունը բացասական կանդրադառնա կամ վերջինս «զսպաշապիկ» էր հանդիսանում որոշ ուժերի համար, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Մի ընդհանրական պատասխան տամ էլի... ընդհանրապես պետական կառավարման համակարգում քաղաքացիներն իրականացնում են օրենքով իրենց տրված լիազորությունների և սահմանափակումների շրջանակներում գործունեություն: Այսինքն, եթե իրականացնում է այն աշխատանքը, որի համար նշանակվել է այդ աշխատանքին, ապա համարվում է, որ աշխատանքը լավ է կատարված: Գիտեք, կարծում եմ, մենք շատ են կենտրոնանում նաև անհատների, անձերի, ընկալման, լավի, վատի և այլնի վրա... նայե՛ք համակարգերին, մի՛ նայեք անձանց»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում