Տիգրան Ավինյանն առաջարկեց ինձ ազատման դիմում գրել, ես մերժեցի. ինչո՞ւ ազատեցին Արթուր Գրիգորյանին

ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից Արթուր Գրիգորյանի ազատումը բազմաթիվ հարցադրումների, վերլուծությունների և դժգոհությունների առիթ հանդիսացավ հասարակության, հատկապես՝ բնապահպանության ոլորտի ներկայացուցիչների համար: Տարակուսանք է առաջացնում այն, որ կայացված որոշումը ոչ մի հստակ հիմնավորում այդպես էլ չստացավ և չկա հստակ պատասխան, թե ինչո՞ւ ազատվեց Արթուր Գրիգորյանը: Վերջինս նույնպես՝ ելնելով իրավիճակից չէր հայտնում մանրամասներ, սակայն Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումից հետո ԲԸՏՄ նախկին ղեկավարը հանդես եկավ հարցազրույցում, որտեղ կատարեց մի քանի ուղենշային հայտարարություններ: ԲԸՏՄ նախկին ղեկավարը նշեց, որ դժվար է այս հարցին ուղիղ տեքստով պատասխանելը, որովհետև անընդհատ եղեն են տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներ և չի եղել որոշակիություն, թե ե՞րբ ու ի՞նչ եղանակով կցանկանան իր հետ խոսել այդ հարցի մասին: 

«Մոտ մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարն ինձ փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությունն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնել: Ամենայն հարգանքով փոխվարչապետի և մնացածի նկատմամբ՝ ես ասացի, որ իմ անմիջական վերադասը վարչապետն է, և եթե կա որևէ խնդիր, ապա վարչապետը պետք է դա ինձ ասի և վարչապետը կարող է միայն պահանջ կամ առաջարկություն ներկայացնել, կամ կարող է չներկայացնել այլ պարզապես ազատել: 

Ես ասել եմ, որ երբ իմ անմիջական վերադասն ասի, ես խնդիր չունեմ, ու երբ վարչապետը Հայաստանում չէր, ես չէի կարող ակնկալել, որ այդպիսի որոշում կհրապարակվի: Իրականում, մենք աշխատանքային խորհրդակցության էինք վարում այդ ժամանակ, երբ իմ օգնականը զանգեց, ասաց Կառավարության կայքում այդպիսի բան է դրված»,- ասել է Արթուր Գրիգորյանը՝ շարունակելով,- «Արդեն կա ձևավորված Կառավարություն, որը պետք է ներկայացնի իր քաղաքականությունն այս կամ այն ոլորտում, այդ թվում՝ բնապահպանության, այդ թվում՝ բնապահպանական կամ տնտեսական հարցերի վերաբերյալ խնդրահարույց կետերի շուրջ: Երբ նշվում է, որ կառավարության կողմից բարձրացված խնդիրների արդյունավետ կատարմանն է նպաստելու իմ ազատումը, հարցն այստեղ այն է, թե կառավարության մեջ գտնվող սուբյեկտները պատրաստ են արդյո՞ք կամ գտնվում են արդյո՞ք  իրենց ներգրավմամբ հնարավոր այս կամ այն հարցի կարգավորման գործում: Կան սկզբունքային տարաձայնություններ առանձին հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ պետք է խոսել, այսինքն՝ անկախ նրանից, թե դու ինչ մեղմ ձևակերպումներով կփորձես ներկայացնել, դրանք պետք է ներկայացնել, և եթե տեսչության ղեկավարին աշխատանքից ազատում ես այս փուլում, նշանակում է հենց այս փուլում պետք է այդ մասին խոսես, շատ ավելի ազնիվ կլինի պարզապես մատնանշել քաղաքական նպատակահարմարության հարցը, ոչ թե ինչ-որ մասնագիտական և այլ ձևակերպումներ տալ:

Վերջինս իր խոսքում նշում է, որ այս կառույցը շատ հզոր կառույց է և կարևոր գործառույթ է իրականացնում, և երբ կառույցի ղեկավարին հորդորում են ազատման դիմում ներկայացնել՝ պետք է շատ հստակ պատճառաբանություններ լինեն և հստակ քննարկվեն, թե ինչպես պետք է շարունակվեն սկսված գործընթացները: «Օրինակ՝ կիսատ մնացած ստուգումները, ի վերջո՝ մենք Քաջարանում ստուգում ենք իրականացնում. դա Հայաստանի հանքարդյունաբերության շուրջ 90 տոկոսն է, ամենամեծ տնտեսվարող սուբյետը, ամենամեծ հարկատուն է, այնպես որ մենք 4.5 ամիս այնտեղ ստուգում ենք արել, ավարտել ենք դեկտեմբերի 21-ին, որից հետո մենք ունենք 10-օրյա ամփոփման փուլ այդ հսկայածավալ ինֆորմացիան ամփոփելու և իրավական գնահատական տալու համար ու այս փուլում տեսչական մարմնին գլխատելը, որքանո՞վ է պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանում»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցադրմանը, թե միգուցե վերջինս որպես ԲԸՏՄ ղեկավար խանգարում էր նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, Արթուր Գրիգորյանը նշեց՝ այս բոլոր հարցերը՝ լինի դա Ամուլսար, լինի դա Արմօյլ, լինի դա Ալավերդի, Թեղուտ, թե որևէ այլ կարևորություն ներկայացնող հարց, այս բոլոր հարցերի վերաբերյալ պետք է լինեն որդեգրված քաղաքական դիրքորոշումներ, որոնք հիմնված կլինեն տնտեսական և այլ կուրսերի վրա ու այս մասին պետք է բաց տեքստով նստել ու խոսել, ի վերջո՝ սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ այդ մասին պետք է մատուցել: «Ես չեմ կարող ու չեմ ուզում որևէ ներքին տեղեկատվություն տրամադրել, ներքին քննարկումների արդյունքում արված առաջարկությունները ներկայացնել և այլն, պարզապես նշեմ, որ ես ունեմ իմ մոտեցումները, եթե այդ մոտեցումները չեն համապատասխանում կառավարության որդեգրած կուրսին, շատ բարի, շատ նորմալ է, ես չեմ կարող ինքնագլուխ ասել՝ չէ, այսպես է ու վերջ: Պետք է մատչելի կերպով և ազնվորեն խոսել այն հարցերի մասին, որոնց շուրջ կարծիքների անհամատեղելիության պատճառով անհնարին է դարձել իմ աշխատանքը կառավարությունում: Քաղաքական պատասխանատվության հարց է և սրա մասին հիմա է պետք խոսել, ինչո՞ւ, որովհետև հիմա է կայացվել որոշում տեսչության ղեկավարին ազատել աշխատանքից և ոչ թե՝ մեկ ամիս հետո»:

Արթուր Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարված ստուգումների և դրանց արդյունքների հրապարակման շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ստուգումներն ավատվել են հենց հունվարի 21-ին՝ ազատման որոշում կայացնելու օրը: «Հիմա մենք ավարտել ենք Քաջարանի ստուգումները, ցավոք ես իրավունք չունեմ ներկայացնել բովանդակային տեղեկություններ Քաջարանում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ: Ես չեմ ուզում որևէ դատողություն անել, պարզապետ ես նշեմ հետևյալը. խոսքը չի վերաբերում հենց այնպես դադարեցնել և այլն, հազար տեսակ շերտեր կան, որ ստուգման արդյունքում վեր հանված տեղեկատվությունը կարող է այդ շերտերին սնուցել տեղեկատվությամբ: Մենք իրականացրել ենք ստուգումն ամենաբարձր մակարդակով, մեզ հաճախ քննադատում են հենց նույն Ամուլսարի պահով, ես վստահեցնում եմ, որ Քաջարանում իրականացվել է ստուգում բոլոր դետալներով և այդ տեղեկատվությունը պետք է ամփոփվի այս 10 աշխատանքային օրվա ընթացքում, դրան պետք է տրվի իրավական հետևանք:

Ես պատրաստվում էի վարչապետի վերադարձից հետո խնդրել, որ հանդիպենք ու ներկայացնել խնդիրները, որպեսզի ի վերջո հասկանանք, թե լուծումներն ինչպես պետք է տրվեն: Դրանք կարող են լինել բազմաշերտ՝ հաշվի առնելով հարցի սոցիալական կարևորությունը: Քաջարանի պարագայում այս 10 օրվա ընթացքում չպետք է որևէ կերպ այդ պատասխանատվությունը թողնել տեսչական խմբի վրա, որոշում կայացնելու պատասխանատվությունը: Եթե տեսչական մարմնի ղեկավարն այս փուլում, այս պահին աշխատանքից ազատվել է՝ առանց հաշվի առնելու այս բոլոր գործոնները, նշանակում է՝ պետք է լինի կոնկրետ անձ, ով իրավական և քաղաքական պատասխանատվություն կստանձնի գնահատելու և վերջնական որոշումներ ընդունելու այս հարցի վերաբերյալ, ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական: Խնդիրները տարբեր շերտերով են, միայն բնապահպանական չեն և այս բոլոր խնդիրների վերաբերյալ ես պատրաստվում էի ներկայացնել վարչապետին զուգահեռաբար նաև քննարկել Տիգրան Ավինյանի առաջարկությունն աշխատանքից ազատվելու դիմում գրելու վերաբերյալ, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում