Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: 

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»:

Հավելենք, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը»:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2018թ.-ի հունիսի 21-ին՝ վարչապետի որոշմամբ: Վերջինիս նշանակումից հետո սկսվեցին մի շարք աղմկահարույց իրադարձություններ կապված ՀՀ-ում բնապահպանական ոլորտում առկա իրավիճակի, հանքարդյունաբերող ընկերությունների և մի շարք այլ խնդիրների հետ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում