«Վալլեքս»-ի ֆինանսական տնօրեն Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՏԶՆ նախարարի պաշտոնում

Արմեն Սարգսյանի հրամանով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Հիշեցնենք, որ 2006-2016թթ. Տիգրան Խաչատրյանը հանդիսացել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: Նշենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ մտնում են նաև «Թեղուտ» ՓԲԸ, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ և այլ ընկերություններ:

«Թեղուտ» ՓԲԸ կողմից շահագործվում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որը պաշտոնապես դադարեցրեց գործունեությունը 2018թ.-ի փետրվար ամսից: «Վալլեքս» ընկերությունների խումբը 380 միլիոն դոլլար վարկ էր վերցրել ՎՏԲ բանկից, և վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում հիմա հանքի սեփականատեր է հանդիսանում ՎՏԲ բանկը: Նշված գործընթացների հետևանքով հազարավոր քաղաքացիներ այժմ գործազուրկ են, բացի այդ՝ Լոռու մարզում առաջացել է բնապահպանական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ճգնաժամային իրավիճակ:

Նշենք նաև, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մեկ ամսից Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերաբացվելու մասին: Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն ասել էր, թե Թեղուտի հանքավայրի վերագործարկման հարցը քննարկվել է Կառավարությունում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Հանդիպմանը ներկա գտնվողներին տեղեկացվել է նաև, որ նոյեմբերի 26-ից սկսած ընկերության նախկին աշխատակիցները կստանան ծանուցագրեր մեկ ամիս հետո աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Նշված գործընթացը մինչ այժմ չի մեկնարկել, քանի որ առկա են բազմաթիվ խնդիրներ: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում