Հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը. Հաստատվեց «Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը»

Կառավարությունը հաստատել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջարկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները:

Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ ասելով, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար: 

Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:

Իրինա Ղափլանյանը մանրամասնեց. «Հայաստանը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորությամբ, ակտիվ արտածին ու անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այս ֆոնի վրա առավել խոցելի են ջրային ռեսուրսները: Հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանումն աղտոտումից: Ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման գործում առավել կարևորվել է պետության դերը: Այն ընդգրկում է ջրային ոլորտի քաղաքականության մշակում, այդ թվում, ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանում՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման ոլորտում առկա միջազգային փորձը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում