Սևանա լճից դուրս է բերվել շուրջ 200 որսացանց՝ 14 000 հատ ձկներով (տեսանյութ)

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը: 

Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սևանա լճում սիգի ապօրինի որսին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը մի քանի անգամ արդեն քննարկվել է և պետք է մտածել խնդրի երկարաժամկետ լուծման մասին: Վարչապետի պաշտոնակատարը Սևանա լճում կազմակերպական որոշակի լուծումների հասնելու համար հանձնարարել է Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ քննարկել այդ հարցը և առաջարկել երկարաժամկետ կոնկրետ լուծումներ: 

Փաստացի, կառավարության նիստից ընդամենն օրեր անց՝ միայն Նիկոլ Փաշինյանի «միջամտությունից» հետո, Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 200 որսացանցեր: Նշենք, որ Սևանա լիճը հանդիսանում է «Սևան» ազգային պարկի մաս և համարվում է պահպանվող գոտի, որի հիմնական պահպանությունը պետք է իրականացվի ազգային պարկի տեսուչների կողմից: Սևանա լճում ապօրինի որսի կանխարգելման նպատակով Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների և փոխգործակցության քառակողմ ծրագիր: Հավելենք, որ 2018թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում