Որսորդական միության անդամը հաշվեհարդար է տեսել անգամ շան 1 ամսական ձագերի հետ (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Օրերս՝ հունվարի 5-ին, «Դինգո թիմ» ՀԿ և Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ ստացան այն մասին, որ Կոտայք մարզի Պտղնի համայնք տանող ճանապարհին 16:00-ի սահմաններում անհայտ աձը հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակ է բացել այդ պահին փողոցում գտնվող շների ուղղությամբ:

Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողը և «Դինգո թիմ» ՀԿ անդամները՝ ժամանելով դեպքի վայրի հայտնաբերեցին երկու թափառող շան դիակ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա գտնվող երթուղային տրանսպորտի համար նախատեսված կանգառի դիմաց: Ահազանգ հնչեցրած ականատեսը, ով այդ պահին քայլում էր դեպի կանգառ, տրամադրել է նաև մեքենայի (Կապույտ Pajero io, 31 OS 665) լուսանկար: Վերջինս նշեց, որ մեքենան կանգ է առել, վարորդը պատուհանից դուրս է հանել հրազենը և կրակել կենդանիների ուղղությամբ: Դեպքի վայրում հյատնաբերվել է նաև օգտագործված պարկուճ:

Տեղի ունեցածի մասին ներկաներն ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո ժամանած ոստիկանները կազմել են արձանագրություն:

«Հանցագործները սովորություն ունեն վերադառնալու հանցանքի վայր». պնդում են հայտնի քրեագետներ, ինչը և տեղի ունեցավ տվյալ դեպքում: Արձանագրություն կազմելու պահին, սպանված կենդանիների դիակների կողքով դանդաղորեն անցավ «Pajero io» մակնիշի կապույտ գույնի «կասկածելի» մեքենա: Ներկաները, ինչպես նաև Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողը, այլ մեքենայով հետևել են մեքենային, որից հետո մեքենան կանգ է առել: Կենդանասերները մոտեցել են մեքենային՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն տեղի ունեցած միջադեպի հետ: Մեքենայի մեջ գտնվող 3 քաղաքացիները ցուցաբերել են ագրեսիվ վարք, սկզբում հերքել են տեղեկությունը, այնուհետև՝ խոստովանել՝ ասելով. «Լավ ենք արել, կրակել ենք: Ուզում եք մի հատ էլ պիստալետ հանեմ, նկարեք»: Այնուհետև միջամտել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկանը՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը: Կենդանասերները՝ կասկածելով քաղաքացիների ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, ահազանգել են նաև ՃՈ և հեռացել են տարածքից: Րոպեներ անց ոստիկանները հայտնել են, որ «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները ընդունել են իրենց մեղավորությունը և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: Կենդանասերները նույնպես ուղևորվել են ոստիկանական բաժանմունք՝ հաղորդում ներկայացնելու նպատակով: Մինչ այդ, վերջիններս որոշել են ճանապարհից հեռացնել սպանված շների դիակները՝ դրանք տեղափոխելով մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբավայր:

Ժամանելով աղբավայր վերջիններս ականատե են եղել էլ ավելի ցավալի տեսարանի. հայտնաբերվել է շան 4 ձագ, որոնց վրա նույնպես կրակել են: Ձագերից երկուսը դեռ ողջ էին և կենդանասերների ջանքերով տեղափոխվել են կենդանաբուժական կլինիկա: Ձագերից մեկը ստացված վնասվածքի հետևանքով կուրացել է: Տեղում հայտնաբերվել է որսորդական հրազենի դատարկ պարկուճ, ինչպես նաև ևս մեկ հասուն շան դիակ:

Նշենք, որ այդ ընթացքում «Pajero io» մակնիշի ավտոմեքենայի «ոչ սթափ» վիճակում գտնվող ուղևորները տարբեր մեքենաներով «ուղեկցում» էին կենդանասերներին, այդ թվում՝ իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողին: Ընդ որում, գործողությունների ամբողջ ընթացքում դրսևորվել է ագրեսիվ վարք, հնչել են հայհոյանքներ և սպառնալիքներ:

Ոստիկանական բաժանմունքում պարզ է դարձել, որ կենդանիների վրա կրակած քաղաքացին հանդիսանում է որսորդական միության անդամ՝ «որսորդ»: Վերջինս կենդանիների նկատմամբ հաշվեհարդար է տեսել որսորդական հրազենով՝ պատճառաբանելով, որ «շները հաչել են կնոջ վրա և նա վախեցել է»: Ըստ մեր տեղեկությունների, քաղաքացին հայտնել է նաև, որ ավտոմեքենայի մյուս ուղևորները ներկա չեն եղել կրակելու գործընթացին, այլ մեքենայի մեջ է եղել միայն վերջինիս անչափահաս երեխան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ կատարողի անձը ճշտվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կրակողը բերվել է բաժին, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ հաղորդման մյուս մասով կատարվում է քննություն: Վերջինս վարչական պատասխանատվության է ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով:

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քաղաքացիների ոչ սթափ վիճակում գտնվելու մասին տեղեկատվություն ոստիկանության մամուլի բաժինը հրաժարվեց տրամադրել՝ պնդելով, որ ներկայացված հաղորդման շրջանակներում իրականացվում է քննություն և այլ տվյալներ ենթակա չեն հրապարակման:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում