Որոնք կարող են լինել թռչունների անկման պատճառները. պարզաբանում է փորձագետը (տեսանյութ)

«2010թ.-ին, երբ սկսվեց կեղծ ժանտախտը, նույն հիվանդության պատճառով, որն այժմ կասկածում ենք ու կրկին ոչ մասնագիտական, ոչ կոմպետենտ մոտեցման պատճառով, մենք 1 մլն-ից ավել թև թռչունի կորուստ ունեցանք: Հիմա մենք բավական տևական ժամանակ ունենք նույն անկումները: Մենք դեռևս չունենք տվյալներ, թե ինչ է կատարվում մնացած մարզերում, բայց գիտենք, որ Ուրցաձորում կան անկումներ, նաև Մարմարաշենում: Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի մոտակայքում գտնվող գյուղերում թռչունների անկում կա, ինչն ուղղակի կարող է վտանգ ներկայացնել արգելոցի կենդանատեսակների համար, ընդ որում նրանց համար, որոնք Կարմիր գրքում են»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջրես ՀՀ-ում գրանցված թռչունների անկման դեպքերին:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին ՍԱՏՄ հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ:

Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ:

Դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի և պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն: Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաև անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաև թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են:

Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որևէ առիթ չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում