Շրջայցի ընթացքում առգրավվել է 252 հատ «սիգ» տեսակի ձուկ. ԲԸՏՄ

«Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկաներում, մարդաշատ վայրերում համատեղ շրջայց են իրականացրել «սիգ» տեսակի ձկան վաճառքի հայտնաբերման նպատակով»,- այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Շրջայցի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր թվով 252 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը սահմանված կարգով առգրավվել և համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո հանձնվել է «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ռեժիմով շրջայցեր է իրականացնում նաև Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձկան վաճառքը հետևանք է իրականացված որսի, ուստի որքան էլ Տեսչական մարմինը պայքարի հետևանքի դեմ, դա խնդրի բավարար լուծում չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այս դեպքում Տեսչական մարմինն առնչվում է սոցիալական մինիմալ խնդիրներ լուծող վերավաճառողների հետ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստակամ է աջակցել հսկողություն իրականացնող պատասխանատու մարմիններին Սևանա լճում որսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու գործում։ Ինչի առթիվ՝ Տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը, համաձայն համատեղ գործողությունների ծրագրի, դեկտեմբերի 20-ից մինչը հունվարի 20-ն ընկած ժամանականհատվածում կիրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն՝ Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում