Կարմիրգրքյան անտառակատվի մորթին՝ ազատ վաճառքի. արատավոր պրակտիկան շարունակվում է (ֆոտո)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում տեղի ունեցող ապօրինությունների մասին: Օրերս ՀՀ տարածքում կենդանիների և դրանց արգասիքների, խրտվիլակների անկառավարելի և անվերահսկելի վաճառքի մասին վկայող հերթական ահազանգը հնչեցրեց Լուսինե Թասլակյանը՝ գրելով. «Գառնու տաճարի մուտքի մոտ։ Ասում ա. Дикий камышовый кот... Գինը հարցրի, 50000 դրամ։ Մյուսներն էլ աղվես են, սևը՝ ներկած աղվես»: 

Ըստ Կարեն Աղաբաբյանի՝ լուսանկարում երևացող մորթիներից մեկը պատկանում է վայրի կատվի կամ անտառակատվի (Felis silvestris) է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii,iv): Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, ծ.մ. 700-2500 մ բարձրություններում: Հավանաբար, մտնում է նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով՝ թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ և հետազոտել անտառակատվի էկոլոգիան հանրապետությունում: Որպես վտանգման հիմնական գործոններ նշվում է՝ տեսակի գոյատևման համար լուրջ վտանգ է ներկայացնում անտառակատվի հիբրիդացումը ընտանի, հատկապես վայրիացած կատուների հետ և մրցակցությունը տափաստանային կատվի (F.s. lybica) հետ: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է կատարել համապատասխան գիտական հետազոտություններ:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և մի քանի արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել սաղարթավոր անտառների և չորային նոսրանտառների գոտում մարդածին գործոնների ազդեցության (անտառա­հատումներ, ճանապարհաշինություն և այլն), ինչպես նաև վայրիացած կատուների թվաքանակի կարգավորման վերահսկողությունը:

Լուսանկարներում անտառակատվի մորթու առկայությունը փաստում է այն մասին, որ տեղի է ունեցել կարմիրգրքյան հազվագյուտ կենդանու ապօրինի որս, ինչը պատժվում է օրենքով սահմանված կարգով: 

Բացի այդ, լուսանկարում կան նաև աղվեսի մորթիներ: Նշված տեղանքում վաճառվող մորթիների և այլ արգասիքների մասին պարբերաբար հնչում են ահազանգեր, սակայն իրողությունը մնում է անփոփոխ պատշաճ վերահսկողության բացակայության, օրենսդրական մի շարք բացերի, ինչպես նաև ՀՀ-ում հասարակության շրջանում առկա էկո-գիտակցության մակարդակի ցածր լինելու հետևանքով: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գնացել է ահազանգի հետքերով: «Դեկտեմբերի 16-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն այսօր այցելել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 աղվեսի և 1 գայլի մորթի, տվյալ պահին ահազանգում ներկայացված այլ կենդանիների մորթիներ չի հայտնաբերվել։
Տեսչական մարմնի կողմից դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել է Ոստիկանությանը լրացուցիչ քննության նպատակով»,- ասված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ: 

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում