«Կենդանաբանական այգին բնականոն կգործի». Երևանի քաղաքապետը հետևում է ստուգումների ընթացքին

Երևանի կենդանաբանական այգում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել կենդանիներին, իրենց իսկ ամբիցիաներից ելնելով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Սիլվա Ադամյանը: 

Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը ասաց. «Թե՛ զեբրի թունավորումը, թե՛ բեզոարյան այծի՝ վանդակից անհետացումը վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել գործողություն, որի մեջ կան դիտավորության էլեմենտներ: Չենք ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց դատապարտում ենք հանցագործության փաստը և այն ինչ տեղի է ունենում այգու ներսում, հանցագործության ահաբեկչական տարրեր ունի իր մեջ, կենդանիները զոհ են դառնում նեղ շահերի։ Այգու բոլոր խնդիրները սկսեցին բարձրաձայնվել մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, անգամ տուբերկուլյոզի դեպքը, ինչի մասին բարձրաձայնվեց վեց ամիս անց բռկումից հետո»: 

Սիլվա Ադամյանը հավելեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ քաղաքապետարանին կից մի քանի կենդանապաշտպան կազմակերպություններ են, բայց կային նաև այնպիսի մարդիկ ու կազմակերպություններ, որոնց ներկայությունը բացարձակ հարիր չէ, այսինքն նրանք ներկայացնում էին այնպիսի մասնավոր կենդանաբանական այգիներ, որոնք զբաղվում են կենդանիների վաճառքով, անօրինական պահմամբ։

Գրիգոր Գրիգորյանը նշեց. «Մեր երկրում կենդանիների բարեկեցությունը պաշտպանված չէ։ Խնդրին խիստ մասնագիտական մոտեցում է պահանջվում, ինչը չկա։ Անասնաբուժական պետական տեսչությունը մինչև հիմա լուռ է այս դեպքերի մասին։ Իսկ քաղաքապետարանն արդեն ցույց է տվել, որ ի վիճակի չէ խնդիրը լուծել։ Տեղի ունեցող իրադարձություններին առ այսօր որևէ գնահատական չի տրվել։ Մենք հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների, վարչապետի ու բնապահպանության, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի, իրավապահ մարմինների ուշադրությունը։ Այգում տեղի ունեցող իրադարձություններից ոչ մի սիրո և համերաշխության հոտ չի գալիս։ Ինչպես նախորդ իշխանությունների, այնպես էլ այս իշխանությունների ժամանակ խախտվում են կենդանական աշխարհի բազմաթիվ դրույթներ»: 

Փորձագետը կարծիք հայտնեց նաև, որ կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, և չբացվի այնքան ժամանակ, մինչև գործողությունների մեղավորին չգտնեն, օրենքի ուժով պատժի չենթարկեն և այգու բնականոն ու անվտանգ գործունեությունը չվերականգնեն: 

Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հնչեցրած հարցին արձագանքեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ասելով. «Կազմված է խումբ և բոլոր շահագրգիռ մարդիկ ընդգրկված են այդ աշխատանքային խմբում: Այնտեղ կան և՛ կենդանապաշտպաններ, և՛ տարբեր ՀԿ-ներ, որոնք դրանով զբաղվում են, այլ կազմակերպություններ, ուղղակի անհատներ: Մենք հրավիրել ենք բոլորին, ովքեր ուզում են այստեղ մասնակցել և այդ խումբն ազատ կերպով ուսումնասիրում է մեր կենդանաբանական այգու գործունեությունը: Այդ բոլոր 3 խմբերից ես ստանալու եմ իրենց հաշվետվությունները, որոնց մասին կհայտարարենք նաև մեր հանրությանը: Ինձ նույնպես այդ առաջարկությունն արել են, բայց ի վերջո մենք բոլորս եկել ենք այն եզրակացության, որ չփակենք կենդանաբանական այգին և այն գործի բնականոն կերպով մինչև ստուգումներն ավարտվեն»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում